2025-ին Կրթության տեսչական մարմինը ստացել է 195 դիմում-բողոք, որի գերակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել են դպրոցներին. Վաղարշակ Մատիկյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2025-ին Կրթության տեսչական մարմինը ստացել է 195 դիմում-բողոք, որի գերակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել են դպրոցներին: Ստացված դիմում-բողոքներից 77-ը բավարարվել են, 42-ը վերահասցեագրվել են այլ մարմինների, ևս 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ, մի մասն ընթացքի մեջ է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը՝ ներկայացնելով տեսչական մարմնի՝ 2025 թվականի աշխատանքները:
«Վերահասցեագրված դիմում բողոքների շարքում, բացի ԿԳՄՍՆ-ին ուղղված դիմումներից, մի մասն ուղարկվել է համապատասխան ուժային կառույցներին: Դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների, դրամահավաքի կամ այլ դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից»,- ասաց նա:
Ըստ Վաղարշակ Մատիկյանի՝ 2025 թվականին աճել է հատկապես այն խախտումների թիվը, որոնց ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:
«Ուսհաստատություններում ունենք բուլինգի դեպքեր: Դեպքերի աճն ուղիղ համեմատական է բուլինգի և բռնության վերաբերյալ շահառուների՝ սովորողների, ծնողների, նաև մանկավարժների կողմից տվյալ երևույթի մասին տեղեկացվածության աճին, այսինքն՝ այս ուղղությամբ բողոքները և տեղեկացվածությունը, թե ինչ է բուլինգն ուսումնական հաստատությունում, ուղիղ համեմատական են: Այստեղ ունենք խախտումներ, որոնք կապված են մանկավարժական աշխատողների որակավորման պահանջների հետ»,- ասաց նա: