Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «հրազենային վնասվածքներով» «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Մ․-ն է։

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության դեպքի վայրը, հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին։

Leave a comment