Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայակովսկի գյուղում գետը վարարել է ու ջրի տակ թողել գյուղացիների հողամասերը։ Ալֆրեդ Միքայելյանը, որ հողագործությամբ ու ծաղկաբուծությամբ է զբաղվում, պատմում է՝ ծաղկի ցանքն ամբողջությամբ մնացել է ջրի տակ։  

«Գետից այն կողմ իմ սեփականաշնորհված հողամասն է, ջրի տակ ամբողջությամբ ծաղիկներ են։ Հունիսին ես պետք է իմ առաջին բերքը ստանայի այդ դաշտից, բայց այս ամեն ինչից հետո չգիտեմ՝ հույս կա՞, որ այդտեղից ծաղիկ դուրս կգա, թե՞ չէ»,- ասում է Միքայելյանը։

Նա անցած տարի 1 միլիոն 400 հազար դրամ վարկ է վերցրել սերմեր ձեռք բերելու համար։ Այսօր խնդրի առաջ է․ եկամուտն օդից է կախված, պարտքը՝ իրական:

Մայակովսկի գյուղի բնակիչների խոսքով՝ խնդիրը միայն առատ տեղումները չեն։ Ասում են՝ գետի հունը տարիներ շարունակ չի մաքրվել, լցված է կենցաղային աղբով։ Նաև կոյուղաջրերն են վերևի բնակավայրերից հոսում դեպի գյուղ։

Այս տարի առատ տեղումների հետևանքով ջուրը վնասել է նաև տեխնիկան․ գյուղացիները, որ նկարահանվել չցանկացան, ասացին՝ անգամ ոռոգման պոմպերն են վնասվել։

«Հիմա մենք վարկ ենք վերցրել, պատ ենք շարում, որպեսզի էս աղետը Դեբեդի նման մեր տները չմտնի»,- մտահոգված ասում են նրանք։

Չնայած պատկան մարմիններին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ խնդիրը լուծում չի ստանում։ Նրանց խոսքով՝ մաքրման աշխատանքները կատարվում են մասնակի և ուշացած։ Նրանք խնդրի վերջնական լուծում են ակնկալում․ գյուղում նաև տեղաշարժն է դժվարացել, գետի վարարումից փողոցները դժվարանցանելի են դարձել։ 

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ են խնդրից, աշխատում են։

«Մաքրում ենք դիմացի խանգարող ավելորդ բույսերը, ծառերը: Հուսով ենք՝ կլուծվի այդ հարցը։ Արդեն իսկ ջրի հոսքը դեպի բնակիչների այգիներ դադարել է»,- նշեց մարզպետը։

Նա նաև ընդգծեց՝ գետնի հունը փոխել չեն կարող, նաև բնակիչներին մեղադրեց։

«100 տարվա սելավատար ա, ուղղակի հենց բնակիչների կողմից մի քանի պանել է հանվել այս ընթացքում։ Համայնքը չի նկատել, հենց հիմա վերականգնում են այդ պանելները, նորից դնում են իրենց տեղը։ Հենց այդ նույն բնակիչներն են հանել, ենթադրում եմ՝ իրենց կարիքների համար»,- ասաց Ահարոն Սահակյանը։

Նա չբացառեց նաև փոխհատուցում տրամադրելու հարցը, ասաց՝ եթե վնասներ կրած քաղաքացիները դիմեն համայնքապետարան, կօգնեն։ Մինչ այդ, առաջիկա օրերին առատ տեղումները շարունակվելու են։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

 

 

Leave a comment