Փետրվարի 2-3-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit)։ Գագաթաժողովին մասնակցելու ու ելույթ ունենալու համար Վաշինգտոն է մեկնել փաստաբան Արամ Վարդևանյանը, որը ներկայացնում է Եկեղեցուն աջակցություն հայտնելու համար ազատազրկված հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շահերը։
«Հայաստանում տեղի ունեցող գործընթացների տեսանկյունից այս գագաթաժողովն էլ ավելի մեծ իմաստ է ձեռք բերում, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ, այն քաղաքական ճնշումները, միջամտությունները, հետապնդումները թե սրբազան հայրերի, թե Վահափառ Տիրոջ նկատմամբ, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ, հանդիսանում են կրոնական ազատության իրացման էական խոչընդոտներ։
Կրոնական ազատությունների առումով հնարավոր չէ չնշել այն ամենը, ինչ այս պահի դրությամբ մենք ունենք Արցախում։ Այնտեղ ունենք եկեղեցիներ, վանքեր, որտեղ կրոնական նվազագույն ազատության իրավունքի իրացման հնարավորութուն չունենք, նույնիսկ աղոթք անելու հնարավորություն չունենք։ Սրանք այսպիսի գագաթաժողովում պետք է դառնան հավուր պատշաճի ներկայացման առարկա։ Մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության հարցը` կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է, և սա մի իրավիճակ է, որը երբեք չէինք կարող պատկերացնել։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-նշել է Վարդևանյանը։