Ապրիլից շտապբուժօգնության բրիգադների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են, ինչպես նաև նրանց կտրամադրվի միանվագ 40 հազար դրամ պարգևավճար՝ մարտ ամսվա համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ոլորտի աշխատակիցներին՝ նրանց ամենօրյա բարդ և պատասխանատու աշխատանքի համար։
«Սա պարզապես թվերի փոփոխություն չէ։ Սա գնահատանք է, հարգանք և վստահություն այն մարդկանց հանդեպ, ովքեր ամեն օր ընտրում են լինել այնտեղ, որտեղ իրենց ամենից շատն են սպասում»,- նշվում է հաղորդագրությունում։
Տնօրենի խոսքով՝ շտապբուժօգնությունը համակարգ չէ միայն, այլ մարդկանց համախումբ, ովքեր առանց վարանելու կանգնում են կյանքի կողքին, և պետությունն ու համակարգը պարտավոր են աջակցել նրանց։
Հաղորդագրության վերջում ընդգծվում է, որ իրականացվող քայլերը նպատակ ունեն արժևորել բուժանձնակազմի կարևոր աշխատանքը և բարելավել նրանց սոցիալական պայմանները։