Ճապոնիայում 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգի մասին է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

20.04.2026 | 15:27

Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել,  իշխանությունները կոչ են արել բնակիչներին հեռու մնալ ափամերձ տարածքներից, որտեղ սպասվում են մինչև 3 մետր բարձրությամբ ալիքներ, գրում է Reuters-ը։

Կանխատեսվում է, որ ամենամեծ ալիքները կհարվածեն Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու գագաթին գտնվող Իվատե և Աոմորի պրեֆեկտուրաներին, ինչպես նաև Հոկայդո հյուսիսային կղզուն, հայտնել են իշխանությունները։ Երկրաշարժից մեկ ժամ անց մինչև 80 սմ բարձրությամբ ցունամիի ալիքներ են արձանագրվել, մինչդեռ մինչև 3 մետր բարձրությամբ ալիքների մասին նախազգուշացումները մնացել են ուժի մեջ։

Հանրային NHK հեռարձակողի տվյալներով՝ մի քանի նավահանգստային քաղաքներ, այդ թվում՝ Օցուչին և Կամաիշին, որոնք երկուսն էլ խիստ տուժել էին 2011 թվականի հզոր երկրաշարժից և ցունամիից, հազարավոր բնակիչների համար տարհանման հրամաններ են տվել։

Վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ կառավարությունը ստեղծել է արտակարգ իրավիճակների աշխատանքային խումբ և կոչ է արել տուժած շրջանների քաղաքացիներին տարհանվել անվտանգ վայրեր։

«Հնարավոր վնասներն ու զոհերի թիվն այժմ ուսումնասիրվում են»,-  լրագրողներին ասել է Տակաիչին։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության (JMA) պաշտոնյան առանձին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հաջորդ օրերին և շաբաթներին կարող են տեղի ունենալ ուժեղ հետցնցումներ։

JMA-ի տվյալներով՝ 3 մետր բարձրությամբ ցունամին կարող է վնաս հասցնել ցածրադիր վայրերին, հեղեղել շենքերը և քշել մարդկանց։ Kyodo գործակալության հաղորդմամբ՝ Աոմորիում արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցվել է ցնցումների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment