«Որ համար էի ուզում, ռազբոռկայի համար չէր, այլ՝ խոսելու»․ Սարիկ Մինասյանը՝ իր գրառման մասին

Չեմ դիմացել ուղղորդված սադրանքին, ինչը ինձ սազական չէր, որի համար զղջացել ու ներողություն եմ խնդրում։ 24News-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով երեկ իր կողմից գրված հայհոյանքներին՝ ի պատասխան իր էջում գրված մեկնաբանություններին։

«Բնականաբար, կարծում եմ, որ այո՛, որպես պաշտոնյա զսպվածություն պիտի ցուցաբերեմ, և դրա համար մեր նորմալ հետևորդներից, բարոյական մարդկանցից բոլորից ներողություն եմ հայցել, բայց մենք էլ հայկական մենտալիտետ ունեցող տղամարդ ենք, երբեմն այդ սադրանքներին տրվում ենք»,– ասաց Մինասյանը՝ հավելելով, որ երբ խոսքը իր անձին կամ քաղաքական որևէ քննադատության մասին է, որևէ կերպ չի մեկնաբանում, իսկ երբ կարմիր գծեր են անցնում ու վիրավորում ընտանիքին, ընկերներին, կոշտ պատասխանում է։

Ըստ Մինասյանի՝ ուղղորդված վատ մեկնաբանությունները իրենց իրականացրած ավտոերթից և Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած համերգից հետո են սկսվել՝ ինչ-որ խմբակի կողմից։

«Իմ էջում տեղադրել էի նյութ բազմաթիվ լավ մեկնաբանություններով՝ 150 հազար դիտում, 6000-ից ավել մարդ հավանել էր։ Շատ վատ բառապաշարով մեկնաբանություն էին գրել, իմ պատասխանից հետո իրենց մեկնաբանությունը փոխել էին ու սքրինշոթ արել, տարածել էին։ Ես էլ չեմ դիմացել սադրանքին»,– նշեց ՔՊ-ականը։

Հարցին, թե իրենց իսկ կողմից հռչակված ՔՊ էթիկայի կանոնագիրքը, որը խախտել է, արդյոք քննության առարկա դարձե՞լ է, Մինասյանը նշեց, որ դեռ վարչության նիստ չեն ունեցել, բայց լինելու դեպքում կանդրադառնան․
«Բնականաբար, եթե խախտել եմ, ուրեմն կքննարկվի, որովհետև մեր մոտ ամեն ինչ սկզբունքային է»։

Մինասյանից նաև հետաքրքրվեցինք, որ բացի հայհոյանքներից նաև մեկնաբանություններում օգտատերերից հեռախոսահամար կամ հասցե է ուզում՝ «ռազբորկայի՞» է կանչում։ Վերջինս նշեց, որ ոչ․
«Եթե մարդուն գրում ես՝ համար գրի, նշանակում է՝ «ռազբորկայի՞» եմ կանչել, կարող ենք ուղղակի խոսել, հասկանալ իրար։ Բազմաթիվ անգամներ է եղել, որ մարդիկ առանց ճանաչելու գրել են, կանչել ենք, խոսել ենք շատ լավ, նորմալ։ Մարդիկ կան, որ դրանից հետո նաև ընկերացել ենք»,– մատնանշեց Սարիկ Մինասյանը։

Մինասյանի տպավորություններով ու գնահատականով, «երեկվա ավտոերթն ու համերգը աննախադեպ են եղել, և որ նման բան ՀՀ-ում երբևէ չի եղել»։
Իսկ այն դիտարկմանը, որ «վարչաբենդին» ավելի շատ կուսակցական ընկերներն էին տարբեր տեղերից եկած, այլ ոչ թե շիրակցիներ, ՔՊ-ական ավագանու անդամը հակադարձեց․
«Այդ տեսակետը չեմ կիսում։ Հազարավոր գյումրեցիներ կային, նաև եղանակային պայմանները լավը չէին, կարծում եմ՝ կրկնակի, եռակի ավելի մարդ կլիներ։ Չեմ կարող հաշվել, ասել՝ քանի հոգի կար։ Ես տեղում եմ եղել, տեսանյութ էլ հրապարակել եմ, և երևում է, որ հրապարակը բավականին մարդաշատ էր»։

Նշենք, որ երեկ ՔՊ-ականները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աշտարակից ավտոերթ էին իրականացրել դեպի Գյումրի՝ նշելով Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։

Մերի Մանուկյան

—00—ԼԱ

Leave a comment