2026թ. 1-ին եռամսյակում ՀՀ բանկային համակարգը գրեթե բոլոր ցուցանիշներով արձանագրել է աճ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:

Վերջին 25 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։

Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2026թ. 1-ին եռամսյակի  համար:

Զուտ շահույթ 

2026 թվականի 1-ին եռամսյակի  ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 103.5 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2.7 մլրդ ՀՀ դրամով կամ 2,6%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ 

Նշված ժամանակաշրջանում բոլոր բանկերը գրանցել են շահույթ։

Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 33.1 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։

Վարկային պորտֆել

Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2026 թվականի 1-ին եռամսյակի  ընթացքում աճել է 4,1%-ով։

Առ 31.03.2026թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 8.011 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 61%-ը։

Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։

Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ամիօ բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 64,5%-ը:

Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 22%

Պարտատոմսեր

Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2026 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում աճել է 296 մլրդ ՀՀ դրամով, կամ 56,3%-ով։ 

Առ 31.12.2026թ․ բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 823 մլրդ ՀՀ դրամ։

17 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։

Ընդհանուր կապիտալ

2026 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 123 մլրդ ՀՀ դրամով, կամ 5,6%-ով ու կազմել 2.299 մլրդ ՀՀ դրամ։ 

Այդ աճը հիմնականում պայմանավորված է զուտ շահույթով՝ 103.5 մլրդ ՀՀ դրամ եւ Ամիօ բանկի կանոնադրական կապիտալի աճով՝ 20 մլրդ ՀՀ դրամ։

2026 թվականի 1-ին եռամսյակի  ընթացքում դիվիդենտ հայտարարագրել է միայն Հայէկոնոմբանկը՝ 220 մլն ՀՀ դրամ։

2026թ. 1-ին եռամսյակի եւ նախորդ ժամանակահատվածների համար ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունները հասանելի են այս հղումով:

Leave a comment