Մակար և Հովնան եպիսկոպոսները շաբաթ օրը որպես մեղադրյալներ կանչվել են Քննչական կոմիտե, կանչվել է նաև Մովսես քահանան
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մակար և Հովնան եպիսկոպոսները շաբաթ օրը որպես մեղադրյալներ կանչվել են Քննչական կոմիտե, կանչվել է նաև Մովսես քահանան։ Այս մասին հայտարարել է եպիսկոպոսների փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Սրբազանները կանչվել են Քննչական կոմիտե՝ Մասյացոտնի թեմի վերաբերյալ դատական ակտը չկատարելու կամ կատարմանը խոչընդոտելու առնչությամբ։ Արդեն որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, կընտրվեն խափանման միջոցներ»,- ասել է Ֆանյանը։
Նրա խոսքով՝ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին, և նման նախադեպեր նախկինում չեն եղել։
«Չեմ կարծում, որ նրանց կձերբակալեն, քանի որ դա ծանր հանցագործություն չէ, բայց ենթադրում եմ, որ կարգելեն երկրից մեկնել։ Նպատակը Եպիսկոպոսաց ժողովը ձախողելն է»,- նշել է փաստաբանը։
Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հրավերով Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Եպիսկոպոսաց ժողովը պետք է կայանա ավստրիական Սանկտ Պյոլտեն քաղաքում փետրվարի 16-19-ը:
Ավելի վաղ նախատեսվում էր ժողովն անցկացնել 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ այն հետաձգվել է՝ հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը և հոգևորականների նկատմամբ ճնշումներն ու ձերբակալությունները։