Մայր Աթոռ. Եկեղեցու նշանակած եկեղեցականների մուտքն ազատազրկման վայրեր արգելվել է

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքն ազատազրկման վայրեր։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայությունը, միեւնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը եւ անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսեւորվել է նաեւ ՀՀ Զինված ուժերում եւ կրթական ոլորտում։
«Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ եւ օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:
Ըստ այդմ՝ մերժելի է այն փաստը, որ Քրեակատարողական ծառայության պետը, անտեսելով իր վերադաս նախարարության եւ Հայոց Եկեղեցու միջեւ կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ վերոհիշյալ օրենքների եւ ՀՀ արդարադատության նախարարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ կնքված պայմանագրի համաձայն հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց Եկեղեցին:
Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին եւ կազմաքանդում է Եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն եւ վարչական կամայականություն։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով եւ՝ խստագույնս դատապարտելի։
Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգեւոր ծառայությունը եղել է Հայոց Եկեղեցու կարեւոր առաքելությունը՝ միտված ազատազրկված անձանց հոգեւոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը եւ հասարակություն արժանապատիվ վերադարձին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է ՀՀ Արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը եւ չխոչընդոտելով Եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգեւոր ծառայության բնականոն ընթացքը»:

Leave a comment