Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար, հայտարարել է Սիմոնյանը


ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։


Այս մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ելույթի ժամանակ։


«2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է», – նշել է Սիմոնյանը։


Սակայն, նրա խոսքով, Հայաստանի տեսլականն ավելի լայն է:


«Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ», – նշել է ԱԺ խոսնակը։


Նա նաև հայտարարել է, որ տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը և տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:


«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը ևս մեկ կարևոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը և ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները», – նշել է Սիմոնյանը։


Leave a comment