Կանանց ձեռնարկատիրական միջավայրը Հայաստանում. խնդիրներն ու հնարավորությունները

2026թ. ապրիլի 15-ին Երեւանում մեկ հարթակում հավաքվել էին պետական եւ մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ կին ձեռներեցներ՝ քննարկելու, թե ինչպես կարելի է Հայաստանում կանանց համար ձեռնարկատիրական միջավայրն ավելի ամուր եւ ներառական դարձնել:

«Ձեռնարկատիրական էկոհամակարգը եւ կանանց տնտեսական հզորացումը» թեմայով հանրային-մասնավոր երկխոսություն քննարկումը կազմակերպվել էր Կանանց տնտեսական անվտանգության «Կնոջ ուժը, նրա ապագան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ իրականացնում է ՔԵՅՐ Կովկաս (CARE Caucasus) կազմակերպությունը։ 

Քննարկումը վարում էր «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը՝ ապահովելով, որ խոսակցությունը լինի բաց ու բովանդակալից։

«CARE Caucasus կազմակերպությունը միավորում է կանանց եւ նպաստում նրանց զորեղացմանը Կովկասի տարածաշրջանում՝ ընդլայնելով տնտեսական հնարավորությունները, ձեւավորելով համագործակցային ցանցեր եւ խթանելով նաեւ միջսահմանային համագործակցությունը։

Կանանց հաճախ խորհուրդ են տալիս բիզնեսում հաջողության հասնելու համար միավորել իրենց հմտությունները, ավելի վստահ ներկայացնել ծրագրերը եւ զարգացնել տեխնիկական կարողությունները։ Սակայն «Կնոջ ուժը, նրա ապագան» ծրագրի շրջանակում վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի չորս մարզերում մեր հավաքած տվյալները այլ պատկեր են ցույց տալիս: Կանայք արդեն իսկ կարեւոր եւ ազդեցիկ դերակատարներ են տնտեսության մեջ, եւ իրական խնդիրը ոչ թե նրանց հմտությունների պակասն է, այլ այն էկոհամակարգը, որը խոչընդոտում է նրանց առաջընթացը: Խնդիրներն առավելապես համակարգային են՝ ներառելով կապիտալի անհավասար հասանելիություն, ցանցերի պակաս եւ չվճարվող խնամքի աշխատանքը, որն իրենց ուսերին են կրում կանայք»,- քննարկման բացման խոսքում նշեց CARE Caucasus-ի գործադիր տնօրեն Նինո Բոլկվաձեն։

Նրա խոսքով՝ CARE Caucasus-ում փորձում են վերանայել եւ բարելավել այն ուղին, որով կանայք անցնում են հաջողության հասնելու համար. 

 «Կանանց զորեղացումը միայն բարոյական հարց չէ, այլ մեր ժամանակների ռազմավարական հրամայական։ Հաջողության հասնելով՝ կանայք ներդրում են կատարում իրենց ընտանիքներում, համայնքներում եւ ընդհանուր միջավայրում՝ այդպիսով նպաստելով ավելի դիմակայուն տնտեսության ձեւավորմանը։ Կանանց կայուն տնտեսական մասնակցության համար կարեւոր է ունենալ թե՛ արդյունավետ օրենսդրություն, թե՛ նորարար լուծումներ եւ, իհարկե, ավելի կենսունակ հանրային-մասնավոր գործընկերություն»:

Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանում իրենց գործունեությունն ուղղված է այնպիսի միջավայրի ձեւավորմանը, որը խրախուսում է երկխոսությունը, գիտելիքի փոխանակումը եւ համագործակցությունը: 

«Տեխնոլոգիան, ֆինանսները եւ քաղաքացիական հասարակության ստեղծարար ներուժը համադրելով՝ մենք փորձում ենք ձեւավորել փոխաջակցող, ապահով եւ եկամտաբեր միջավայր կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։ Աջակցելով կին ձեռնարկատերերին՝ մենք ոչ միայն նպաստում ենք նրանց բիզնեսների զարգացմանը, այլ նաեւ աջակցում ենք ավելի կայուն եւ ներառական ապագայի կերտմանը, ինչը կարեւոր է բոլորիս համար», – նշել է նա:

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանի խոսքով՝ այս երկխոսությունը կարեւոր քայլ է հաստատությունների եւ համայնքների միջեւ կապն ամրապնդելու ուղղությամբ՝ Հայաստանում կին ձեռներեցներին ավելի արդյունավետ աջակցելու համար։

«Ձեռնարկատիրական էկոհամակարգի ամրապնդումը նշանակում է ապահովել, որ կանայք հասանելիություն ունենան ոչ միայն ռեսուրսներին, այլեւ աճին նպաստող ցանցերին եւ հարթակներին»,- նշեց նա։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ձեռնարկատիրության վարչության պետ Դավիթ Բարսեղյանն էլ ընդգծեց, որ կանանց ձեռնարկատիրությանն աջակցելը կառավարության տնտեսական քաղաքականության կարեւոր ուղղություններից է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն աշխատում է ներառական և մրցունակ բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ, ինչը հանդիսանում է երկրի տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մոտեցումը արտացոլված է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «ՓՄՁ մրցունակության ռազմավարություն 2026–2030 թթ.» նախագծում։

Կին ձեռնարկատերերի հզորացումը մեր տնտեսական օրակարգի առանցքային ուղղություններից է։ Այդ նպատակով շարունակաբար ընդլայնվում են աջակցության գործիքները, զարգացման հնարավորությունները և անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը՝ ապահովելու համար, որ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները զարգանան, ամրապնդեն իրենց դիրքերը շուկայում և դառնան առավել մրցունակ։ Մեր նպատակն է լիարժեք բացահայտել կանանց տնտեսական ներուժը՝ դարձնելով նրանց Հայաստանի տնտեսական վերափոխման և ներառական աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը»։

Ի պատասխան քննարկմանը ներկա կին ձեռնարկատերերի այն դիտարկման, որ մարզային, հատկապես հեռավոր համայնքներում հաճախ սահմանափակ է ՓՄՁ-ների համար նախատեսված ծրագրերի հասանելիությունը, Դավիթ Բարսեղյանը նշեց, որ առկա ռեսուրսների շրջանակում փորձում են կազմակերպել մարզային այցելություններ. «Այդ այցերի ընթացքում տարբեր համայնքներից մեկ վայրում հավաքում ենք ՓՄՁ ներկայացուցիչներին, լսում նրանց բարձրաձայնած խնդիրները, գույքագրում դրանք եւ փորձում գտնել համապատասխան լուծումներ»։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն իր հերթին բարձրաձայնեց Հայաստանում գործող պետական ՓՄՁ զարգացման ազգային կառույցի բացակայության խնդիրը։

«Այս պահին Հայաստանում հստակ ՓՄՁ զարգացման ռազմավարություն չկա, այսինքն՝ պետությունը չի ձեւակերպել, թե ինչպիսի ՓՄՁ է ուզում ունենալ։ Նախորդ ռազմավարությունը ավարտվել է 2024 թվականին, եւ դրա հիմնական դրույթների զգալի մասը չի իրականացվել։ Այս հարցին անդրադարձել է նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), նշելով, որ պատճառներից մեկը 2002 թվականից գործող պետական ՓՄՁ զարգացման ազգային կառույցի փակվելն է, որը շուրջ չորս տարի առաջ դադարեց գործել՝ իր մարզային գրասենյակների հետ միասին»,- ասաց նա։

Հակոբ Ավագյանի խոսքով՝ այդ կառույցը, թեեւ կատարյալ չէր, բայց կարեւոր ինստիտուցիոնալ դեր էր կատարում՝ արձագանքելով ձեռնարկատերերի բազմաթիվ հարցերին. «Այն փակվեց, բայց դրա փոխարեն որեւէ այլ կառույց չստեղծվեց։ Այս պայմաններում մենք կառավարությունից պահանջում ենք նախ հստակեցնել՝ ով է իրականացնելու նոր ռազմավարությունը, եւ միայն հետո անցնել դրա ընդունմանը»։

Նա նաեւ հիշեցրեց, որ 2014 թվականին կառավարության հետ համատեղ ջանքերով Հայաստանում ներդրվեց ընտանեկան ձեռնարկատիրությունը հարկերից ազատելու մասին օրենքը, որը հատկապես աջակցում էր հյուրատների գործունեությանը։ Հետագայում այն վերափոխվեց՝ դառնալով միկրո ձեռնարկատիրության համակարգ, ընդգրկելով նաեւ ինքնազբաղվածներին, սակայն 2022 թվականին նոր փոփոխություններ կատարվեցին. «Վերջին չորս տարիների փոփոխությունները, մեր գնահատմամբ, ավելի շատ վատթարացրել են իրավիճակը։ Այսօր ակտիվ տնտեսվարողների ավելի քան 30 տոկոսը գործում է որպես անհատ ձեռնարկատեր, մինչդեռ բաժնետիրական ընկերությունների մասնաբաժինը կազմում է ընդամենը 1-2 տոկոս, ինչը ցույց է տալիս, որ ինստիտուցիոնալ զարգացում չի ապահովվում»:

Նա հավելեց, որ հաշվի առնելով նախընտրական շրջանը պլանավորում են հրավիրել բարձր վարկանիշ ունեցող չորս քաղաքական ուժերի տնտեսական պատասխանատուներին՝ հանդիպելու ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ ներկայացնեն՝ ինչ փոփոխություններ են առաջարկում ոլորտում:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Leave a comment