«Ռեալը» դիտարկում է նոր գլխավոր մարզիչի չորս թեկնածու

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո որոշել է ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռացնել  թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային։

The Athletic-ի համաձայն՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է նոր մարզիչի չորս թեկնածու։ Խոսքը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի, ԱՄՆ-ի հավաքականը գլխավորող Մաուրիսիո Պոչետինոյի, գերմանացի Յուրգեն Կլոպի ու ֆրանսիացի Զինեդին Զիդանի մասին է։

Կլոպը վայելում է «Ռեալի» ղեկավարության հարգանքը, սակայն նրա նշանակումը քիչ հավանական է, քանի որ գերմանացի մասնագետը ցանկանում է շարունել աշխատանքը «Ռեդ Բուլի» համակարգում։

Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձնել Զինեդին Զիդանին, որը, մամուլի համաձայն, ԱԱ-2026-ից հետո Ֆրանսիայի հավաքականում փոխարինելու է Դիդյե Դեշամին։

Պերեսի համար ամենահետաքրքիր տարբերակը Մաուրիսիո Պոչետինոն է։ Արգենտինացի մասնագետն ավելի վաղ հայտարարել էր, որ դեռ որոշում չի կայացրել, թե ինչ է անելու աշխարհի առաջնության ավարտից հետո։

Հիշեցնենք, որ Ալվարո Արբելոան այս տարվա հունվարին է գլխավորել «Ռեալը»՝ փոխարինելով իսպանացի Խաբի Ալոնսոյին։

Leave a comment