Ի վերջո, որքա՞ն գումար է տրվել պատգամավորներին՝ որպես պարգևավճար, ինչո՞ւ է ԱԺ-ն թաքցնում թվերը

Պաշտոնյաների՝ տարեվերջին ստացած մի քանի միլիոն դրամի հասնող պարգևավճարները հասարակությունն այդքան էլ «լավ չմարսեց». միջինում 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շարքային քաղաքացու համար առնվազն հասկանալի չէ, թե արդեն իսկ բարձր վարձատրություն ունեցող պաշտոնյան ինչու է նման «ճոխ ձևով» պարգևատրվում։ 

Կառավարության անդամների մասով Փաշինյանը փորձեց արդարանալ՝ նշելով, որ այդ կերպ իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ, ու եթե նախկինում, իր խոսքով, պաշտոնյաները ծրարներով էին գումար ստանում, ապա հիմա արդար ու թափանցիկ ձևով պարգևավճար են ստանում։ «Պոզ ու պոչ» չունեցող կոռուպցիան այդ դեպքում, ըստ Փաշինյանի,  չեզոքանում է։ 

ԱԺ պատգամավորների մասով խնդիրը փոքր-ինչ այլ է։ ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ այդ պարգևավճարը պետք է համարել որպես պատգամավորի աշխատավարձ, որն ավելի ուշ է տրվել։

«Ֆիքսե՛ք, պատգամավորի աշխատավարձը, պայմանականորեն, մեկ միլիոն դրամ է։ Թե ինքը 500 հազար դրամը կստանա ամեն ամիս, մյուս 500 հազար դրամը կհավաքվի, տարվա վերջում միանգամից կստանա, կտոր-կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Ալեն Սիմոնյանը։ 

Հարցին, թե ինչո՞ւ այդ աշխատավարձն օրենքով չի ֆիքսվում, Ալեն Սիմոնյանը պատասխանել էր՝ խնդիր կա, դա էլ կանեն, սա  միջանկյալ լուծում է։

Իսկ որտեղի՞ց է գոյացել այդ պայմանական աշխատավարձը, որ պատգամավորը ոչ թե միանգամից, այլ մաս-մաս է ստանում, և ընդհանրապես, Սիմոնյանի ասած այդ աշխատավարձի համար որքա՞ն գումար է հատկացվել ԱԺ բյուջեից. այս և այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով MediaHub-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմ։

Ստորև ներկայացնում ենք մեր հարցերը՝ ուղղված ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին։ 

–  Ի վերջո կոնկրետ որքան գումար են ստացել պատգամավորները՝ որպես պարգևավճար։ Խնդրում եմ ներկայացնել հստակ թվային տվյալ։

–  Ի՞նչ միջոցների հաշվին է այդ գումարը գոյացել։

–  Արդյո՞ք ամբողջ գումարը եղել է ԱԺ հաստատված բյուջեի խնայողությունների հաշվին։

–  Եթե այո, ապա ո՞ր ոլորտներում են եղել այդ խնայողությունները։

Ի պատասխան մեր հարցման՝ ԱԺ-ից նշել են. «2025 թվականի տարեվերջին ՀՀ ԱԺ պատգամավորները ստացել են պարգևատրում՝ համաձայն ՀՀ Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշման, ԱԺ-ին հատկացված խրախուսման ֆոնդից։ 

Միաժամանակ հայտնում ենք, որ պարգևատրման ֆոնդը նախատեսված է եղել ԱԺ պատգամավորների, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների ու աշխատողների համար»։

Փաստորեն, Ալեն Սիմոնյանի ասած պայմանական աշխատավարձը Կառավարության կողմից հատկացված խրախուսման ֆոնդից է, թեև սովորաբար, պարգևավճար կառույցը տալիս է իրեն հատկացված բյուջեի ավելացած միջոցներից։ 

Ինչևէ, ԱԺ-ն գաղտնի է պահում պարգևավճարների, կամ ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում՝ «պայմանական աշխատավարձի» համար հատկացված գումարի չափը։ Թե ինչու, դատիր ինքդ, հարգելի՛ ընթերցող։

Leave a comment