ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Ո՞ր պարագայում է արհեստական բանականությունը օգնում, և որտե՞ղ է այն սկսում աննկատելիորեն փոխարինել հեղինակին, ինչպե՞ս տարբերակել կենդանի տեքստը արհեստականից, ինչպե՞ս խուսափել արհեստական բանականության մանիպուլյացիայի զոհ դառնալուց․․․ Այս և այլ արդիական թեմաներ քննարկվեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում կազմակերպված երկօրյա ինտերակտիվ սեմինարի ընթացքում՝ երիտասարդ հայ լրագրողների և բլոգերների մասնակցությամբ:
Միջոցառումը՝ «Երիտասարդ լրագրողների դպրոցի» շրջանակներում կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում, Մինսկում ու Սուխումում «Դոմ Մոսկվի» կենտրոնները:
Սեմինարի հեղինակ և վարող՝ Ռուսաստանի վաստակավոր լրագրող և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տեսաբան Գալինա Սապոժնիկովան ներկայացրեց, թե ինչպես է լրագրությունը զգալիորեն փոխվել արհեստական բանականության լայն տարածման պայմաններում և լսարանի հետ քննարկեց լրագրողական աշխատանքում այն արդյունավետ օգտագործելու հնարավորությունները։ Փորձագետն ընդգծեց, որ արհեստական բանականությունը մնում է բացառապես մարդկային ջանքերի արդյունք և դժվար թե փոխարինի մարդու քննադատական մտածողությանը և խորաթափանցությանը։
Մասնակիցները դիտարկեցին նաև նեյրոնային ցանցերի սահմանափակումներին և ուրույն լրագրողական ոճի պահպանմանը վերաբերող հարցեր։ «Մենք նաև հետազոտություն անցկացրեցինք, թե որ դեպքում է արհեստական բանականությունը օգնում մտածել և որ դեպքում է այն մտածում քո փոխարեն»։
Տեսանյութեր ստեղծելու և առաջխաղացնելու իր փորձով երիտասարդ լրագրողների և բլոգերների հետ կիսվեց նաև ռեժիսոր, պրոդյուսեր և թվային արտադրության մասնագետ Օքսանա Կասատկինան։
Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցները վկայականներ ստացան։
«Ինձ համար՝ որպես Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցի լրագրության խմբակի ուսուցիչ, այս երկու օրերը շատ արդյունավետ էին՝ արհեստական բանականության օգտագործման հմտությունների ձեռքբերման առումով։ Դա այսօր ոչ միայն նորաձև է, այլև անհրաժեշտ։ Ես շատ նոր և օգտակար տեղեկություններ ստացա։ Հրաշալի է, որ Երևան են այցելում նման հմուտ մասնագետներ, ովքեր այսքան բան ունեն ասելու և կիսվելու։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին նման հնարավորություն ընձեռելու համար», – ասաց սեմինարի մասնակից Եկատերինա Ժիրենկո-Շահգալդյանը։
–00—ՅՄ