Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալների կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեց

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ այսօր Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց մեղադրյալների խափանման միջոց կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։

«Գտնում եմ, որ Գևորգ Հարությունյանի նկատմամբ դատարանի՝ հունվարի 26-ին կայացված որոշման համար հիմք հանդիսացած վարույթի ընթացքին խոչընդոտելու, նոր հանցանք կատարելու ու փախուստի ռիսկերը դեռևս պահպանվում են»,- ասաց հանրային մեղադրողը։

Նրա խոսքով՝ նույն ռիսկերը տեսնում են նաև Նարեկ Օհանյանի մասով․ «Ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը միջնորդում եմ երկարաձգել ևս երեք ամսով»։

Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը՝ մեղադրյալների կալանքը երկարաձգելով ևս երեք ամսով։

Հիշեցնենք, որ գործով անցնում են՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը։ Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ։ Նրա հետ միասին սպանվել էր նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment