«Ազգային ժողովրդավարական բևեռը» հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատրաստվում է առաջադրել Վարուժան Ավետիսյանի թեկնածությունը։ Այդ մասին FactorTV-ին ասել է ԱԺԲ անդամ Արա Պապյանը ու հավելել, որ ԱԺԲ-ն կմասնակցի ընտրություններին առանձին՝ առանց դաշինքի։
Վարուժան Ավետիսյանը, նկատենք, 2022 թվականի մայիսից անազատության մեջ է։ Նա ազատազրկման է դատապարտվել 7,4 տարի ժամկետով։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ օրենսդրությունը՝ պարզելու՝ արդյոք Ավետիսյանը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Այսպես, ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը սահմանում է պատգամավորին ներկայացվող իրավունքների շրջանակը։ Ըստ այդմ, պատգամավոր կարող է ընտրվել ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Սակայն նույն հոդվածում միաժամանակ նախատեսվում է սահմանափակում՝ ընտրվելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր դատապարտվել են դիտավորյալ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար և կրում են իրենց պատիժը։ Ի դեպ, այդ անձինք չունեն նաև ընտրելու իրավունք։
Միևնույն ժամանակ, Ընտրական օրենսգրքի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե նա չունի ընտրվելու իրավունք։
Ինչո՞ւ է դատապարտվել Վարուժան Ավետիսյանը
Վարուժան Ավետիսյանը որպես մեղադրյալ անցնում էր «Սասնա ծռեր» զինված խմբի գործով՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների հետ կապված։
2016-ի հուլիսին «Սասնա ծռեր» խումբը զինված գրոհով գրավել էր Երևանի ոստիկանության ՊՊԾ գունդը։ Նրանք պահանջում էին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Վարուժան Ավետիսյանը խմբի պարագլուխներից էր և մասնակցել է այդ գործողություններին։
Վարուժան Ավետիսյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Դրանց թվում են՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը և օգտագործելը, կազմակերպված խմբի կողմից զենքի հափշտակումը և այլն։
Այս հոդվածներով նախատեսված արարքները համարվում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ։ Հայաստանյան օրենսդրության համաձայն՝ նման հանցագործությունների համար դատապարտված և պատիժ կրող անձը զրկվում է ընտրվելու իրավունքից։
Այսպիսով, գործող օրենսդրական կարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Վարուժան Ավետիսյանը չի կարող գրանցվել որպես թեկնածու, ինչպես նաև չի կարող ունենալ պատգամավոր ընտրվելու իրավունք։
Սիլվա Գրիգորյան
The post Ինչո՞ւ Վարուժան Ավետիսյանը չի կարող մասնակցել ընտրություններին appeared first on FIP.AM.