Ինչ ոլորտներ եք նախատեսում գեներացնել, որ պատկերացնենք ապագայում ինչ տնտեսություն ենք ունենալու․ Սուքիասյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դուք հանգամանալից ելույթ ունեցաք, ասացիք, որ այս 8 տարիների ընթացքում ինչ հսկայական աշխատանք եք կատարել, որովհետև բոլոր ոլորտները քանդված են եղել, անգամներ ավելի քիչ աշխատավարձ են ստացել, հիմա մի նոր փուլ է, երբ 5000 կմ ասֆալտ է արվել։ Մենք ունենք 2 ծախսային մաս. մեկը՝ պարտադիր ծախսերն են՝ մինչև անգամ դեմոգրաֆիկ խնդիրների համար եք ծախսեր անում, անապահով ընտանիքներն են, թոշակներն են, և ունենք ծախսային մաս, որը պետք է գեներացնել։ Դուք ձեր ելույթում ասացիք, որ սուբսիդավորել եք և՛ IT ոլորտներ, և՛ մնացած գյուղատնտեսական և այլ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք սկսել են արդեն գեներացնել։

Կուզեմ ասեք՝ ի՞նչ կարգի ոլորտներ եք նախատեսում ևս գեներացնել, որպեսզի մենք պատկերացնենք ապագայում՝ 2-3 տարում, ի՞նչ կարգի տնտեսություն ենք ունենալու։

Ազգային ժողով – Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը այս հարցը ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Օրինակ, վերցնենք արևային պանելները, եթե մենք կուտակիչներով սկսենք օգնել քաղաքացիներին, որովհետև 1200 մեգավատտի չափ մենք արևային էլեկտրաէներգիա ունենք, որը բալանսավորված չենք կարողանում օգտագործել։ Մյուսը ջրամբարներն են, եթե պետությունը աջակցում է, մենք 2-3 տարի հետո սկսելու ենք արդեն բերք ունենալ։ Կուզենամ որոշակի տեղեկություն հայտնեք այն մասին, ինչը բերելու է Հայաստանին մի ուրիշ հարթակի»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ նախ՝ ջրային ոլորտի հետ կապված խնդիրները լինելու են առաջիկա հնգամյակի 5 առաջնահերթությունների շարքում։ «Դրա մեջ մտնում են ջրամբարների կառուցումը, այո՛, կարելի է ասել նաև ջրաֆիկացումը, որովհետև նաև հանրապետությունում այդպիսի բնակավայր չկա, որ ջրի հետ կապված խնդիրներ չունենա, և մենք բոլոր տեղերում ունենք խնդիր և՛ ոռոգման ջրի հետ կապված, և՛ խմելու ջրի հետ կապված։ Լավ լուրն այն է, որ մեր լեռնաշխարհում, մեր երկրի լեռներում բավարար չափով ջրաքանակ ձևավորվում է, մեր խնդիրը ճիշտ կառավարելն է և ճիշտ տեղ հասցնելն է»,- նշեց վարչապետը։

Նա նաև անդրադարձավ սուբսիդիաներին՝ ասելով, որ որդեգրել են քաղաքականություն, որով «մի էֆեկտանոց» որոշումներ չեն կայացնում․ «Մեր կայացրած որոշումները պետք է լինեն առնվազն 2 և ավելի էֆեկտով։ Հիմա նույն թոշակների բարձրացումը մենք զուգորդում ենք անկանխիկ առևտրի ծավալների մեծացման և անկանխիկ առևտրի հետվերադարձի հետ։ Սա գործիք է, որով մենք մեր սիրելի թոշակառուներին խնդրում ենք, որ համ իրենց է ձեռնտու, համ էլ նրանք ստվերի կրճատմանը նպաստում են, և սա նույնպես շատ կարևոր տնտեսական գործոն է»։

Անդրադարձի ժամանակ Սուքիասյանը բերեց բժշկական ապահովագրության օրինակը․ «Այդքան մեծ գումար է գնում բժշկական ձեռնարկություններին, նշանակում է՝ մենք ապագա 3 տարվա մեջ աշխարհի լավագույն բժշկական սարքավորումներով հագեցած երկիր ենք լինելու, շատ ահռելի գումար է ծախսվում։ Եթե ջրամբարները կառուցելով մեր գյուղատնտեսական հողատարածքները կշատանան, եթե մենք կուտակիչների վրա գումարներ ենք ծախսելու էներգետիկայում, քաղաքացիները, որոնք որ, օրինակ, գումարներ են ծախսում էլեկտրաէներգիայի համար, ինչ-որ մի մասը չեն ծախսելու, որովհետև էդ սարքավորումները նրանց օգնելու են։ Կուզենանք, որ ձեր այդ ծրագրի մեջ այդ ամեն ինչը ավելի հանգամանալից ներկայացված լինի»։

Փաշինյանը պատասխանեց․ «Տեսեք, առողջության ապահովագրության ներդրման առաջին էֆեկտներից մեկը այն է, որ այսօր Հայաստան սկսվել են ներկրվել վիրահատող ռոբոտներ, որոնք առողջապահական գերժամանակակից տեխնոլոգիաներն են, որտեղ մարդիկ վստահ են, որ ներդրված գումարը հետ են բերելու»։

Leave a comment