Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի արագացված մերձեցումը Եվրոպական միության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա, հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ից


ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի արագացված մերձեցումը Եվրոպական միության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։


Մեկնաբանելով Երևանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու մտադրությունը, նա նշել է, որ ելնելով ԵՄ-ի արագ տրանսֆորմացիայից դեպի ագրեսիվ ռազմաքաղաքական բլոկ և հաշվի առնելով Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված նրա ռազմավարական կուրսը, «Հայաստանի հետաքրքրությունը տվյալ կազմակերպությանն անդամակցելու հարցում չի կարող մտահոգություն չառաջացնել»։


«Հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, գիտակցում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները թե՛ մեր դաշնակցային հարաբերությունների, թե՛ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար», – ընդգծել է Մասլեննիկովը։


Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարը հիշեցրել է, որ ռուսական կողմը հարգում է այլ պետությունների սուվերեն իրավունքը՝ մասնակցելու ինտեգրացիոն միավորումներին, և առավել ևս «տնտեսական զարգացման և սեփական բնակչության բարեկեցության բարձրացման լրացուցիչ հնարավորություններ ստանալու նրանց ցանկությունը»։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը «ոչ երկիմաստ ազդակներ է հաղորդում Եվրոպական միության հետ առավելագույն մերձեցման շահագրգռվածության մասին»։ «Այս ջանքերի համատեքստում 2025 թվականի ապրիլին այդ երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն ավելի վաղ հաստատվել էր խորհրդարանի կողմից», – հիշեցրել է նա։


Մասլեննիկովի խոսքով՝ Բրյուսելն արդեն սկսել է «ակտիվորեն Երևանին պարտադրել քաղաքականապես մոտիվացված անցումը եվրոպական ստանդարտներին, ինչը սկզբունքորեն հաշվի չի առնում այս անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ին և դրա հետ կապված պարտավորությունները»։


«Փաստը մնում է փաստ՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է», – արձանագրել է դիվանագետը։


Հայաստան – ԵԱՏՄ – ԵՄ


ՀՀ ԱԺ–ն 2025 թվականի մարտի 26-ին հավանություն է տվել երկրի՝ Եվրոպական միությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Ապրիլի 4-ին օրենքը ստորագրել է ՀՀ նախագահը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ծրագրում խզել տնտեսական կապերը ԵԱՏՄ-ի հետ և խնդիր չի դնում նվազեցնել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները։ Նրա խոսքով՝ Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով և ցանկանում է ավելացնել ապրանքաշրջանառությունը նաև Եվրոպական միության հետ։


Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հավասարակշռում է որոշ արտաքին քաղաքական ռիսկեր։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ միայն հանրաքվեի միջոցով ժողովրդի հավանությանն արժանանալու դեպքում, իսկ գլխավոր մարտահրավերը Եվրամիության ստանդարտներին համապատասխանելն է։

Leave a comment