Մայիսի 3-5-ը ՀՀ-ում կարգելվեն անօդաչու օդանավերի թռիչքները․ խոսքը չի վերաբերում ամբողջ օդային տարածքի փակմանը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ 2026թ. մայիսի 3–5-ը, միջազգային բարձր մակարդակի միջոցառումների անցկացման և անվտանգության նկատառումներով, ՀՀ օդային տարածքում արգելվելու են ընդհանուր նշանակության ավիացիայի և քաղաքացիական անօդաչու օդանավերի թռիչքները։

«Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։

Շնորհակալություն համագործակցության համար»,- ասված է հաղորդագրությունում։

Factor.am-ը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հետաքրքրվեց, թե այս դեպքում ինչ է նշանակում «ընդհանուր նշանակության ավիացիա» հասկացությունը։

Կոմիտեից պարզաբանեցին, որ խոսքը չի վերաբերում ամբողջ օդային տարածքի փակմանը․ ըստ օրենքի՝ տարբերակվում են առևտրային և ընդհանուր նշանակության ավիացիա հասկացությունները։

«Տվյալ դեպքում սահմանափակումը վերաբերում է ոչ առևտրային թռիչքներին՝ մասնավորապես քաղաքացիական անօդաչու թռչող սարքերին (դրոններին), օդապարիկներին և ուղղաթիռներին»,- փոխանցեցին կոմիտեից։

Leave a comment