Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ Իրանի հետ բարեկամական և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը ՀՀ Կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:

Արսեն Թորոսյանը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով ԻԻՀ-ում մահվան դեպքերի կապակցությամբ: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով՝ ընդգծելով, որ խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն ողջ տարածաշրջանի համար:

Դեսպան Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ստեղծված իրավիճակում ՀՀ Կառավարության և ժողովրդի կողմից Իրանին ցուցաբերված աջակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները․ մասնավորապես՝ դիտարկվել են աշխատանքային միգրացիայի, մարդկային ներուժի և հմտությունների զարգացման, զբաղվածության խթանման նպատակով համատեղ վերապատրաստումների իրականացման և այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։

Դեսպան Շիրղոլամին այս առիթով շեշտել է, որ վերջին տարիներին ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի աճը իրապես տպավորիչ է։

Արսեն Թորոսյանը և Խալիլ Շիրղոլամին ընդգծել են ԱՍՀ նախարարության և Իրանի ոլորտային գերատեսչությունների միջև համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համատեղ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a comment