«Փաստաթուղթը անգլերեն լեզվով է: Աշխարհաքաղաքական այնպիսի դերակատարներ են ներկայացված, ինչպիսիք են Ռուսաստան-Բելառուս, Չինաստան, Իրան, Վրաստան, Հնդկաստան… իրենք ամբողջը պետք է ներգրավված լինեին այս ամենի մեջ: Ներքեւում նշված է՝ պետք է ներթափանցել թշնամի երկիր ու գերի վերցնել 150.000-200.000 քաղաքացիական անձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով պաշտպան Տաթեւիկ Սողոյանը ներկայացրեց Բագրատ սրբազանին վերագրվող «ահաբեկչության պլանի» կրկնօրինակը:
Փաստաբանի խոսքով՝ իրենք դիտավորյալ չեն թարգմանել այդ փաստաթուղթը, որ բովանդակային անհեթեթությունն ու ձեռագրային տարբերությունը հանրությանը հասկանալի լինի:
«Այս տեսակ փաստաթղթերին, որոնք հայտնի էլ չէ, թե ինչպես են հայտնվել այդ տարածքում, ինչպիսի կարեւորություն կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ տալ այնպիսի պաշտոնյաներ, ինչպիսին քննչական կոմիտեի նախագահն է»,- ասաց Սողոյանը՝ շեշտելով, որ այն «հայտնաբերվել» է Բագրատ Սրբազանի կեցավայրից. «Սրբազան պայքար» շարժման ամենաակտիվ օրերին, երբ մեծ ժողովրդականություն էր վայելում՝ հարյուրավոր մարդիկ են մոտեցել Սրբազանին եւ ինչ-որ թղթեր փոխանցել Հայաստանի «փրկության» պլաններ, այդպիսի մի փաստաթուղթ էլ, անհայտ ծագումով, որն իրականության հետ կապ չունի, քննչական կոմիտեի ղեկավարի կողմից դրվել է որպես ապացույց՝ իբրև թե գրված է Սրբազանի ձեռքով»:
Փաստաբանը վստահեցրեց՝ Բագրատ սրբազանը այդ փաստաթղթի բովանդակությանը նույնիսկ ծանոթ չէ:
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ հավելեց, որ վերջին դատական նիստերից մեկի ժամանակ Բագրատ սրբազանը կատակել է՝ այդ փաստաթուղթը անգլերենով հատուկ գրել է Արթուր Սարգսյանի (խմբ. քննչական կոմիտեի նախագահ) համար, որովհետեւ անգլերեն միայն Արթուր Սարգսյանը գիտի: Պաշտպանները նաեւ ահազանգեցին, որ գործում առկա ապացույցները փորձաքննության չեն ենթարկվել, այդ թվում աղմկահարույց ձայնագրությունը:
«Քննիչը հո Վանգան չէ՞ր, լսել է ձայնագրությունը, ասել՝ գրի սրա անունը: Չկա փորձաքննություն»,- հավելեց փաստաբանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: