armenpress. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե TRIPP նախագծում Ամերիկայի Միացյալ Նահանգները տնտեսական շահ չունի։
ՀՀ երկրորդ նախագահը հունվարի 28-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի շահը TRIPP-ում տնտեսական չէ, այլ Իրանի նկատմամբ վերահսկողություն սահմանելն է։ Ռոբերտ Քոչարյանը նաև նշել էր, որ TRIPP-ում հարյուր միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարի ներդրումների մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։ Նրա գնահատմամբ՝ այդ ծրագիրը հնարավոր է կյանքի կոչել 80 միլիոն դոլարով, ինչը Հայաստանի կառավարությունը կարող է սեփական միջոցներով իրականացնել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 29-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ շեշտել է, որ TRIPP-ը առաջին հերթին հենց ներդրումային ու տնտեսական նախագիծ է։ «Այդ նախագծով բազմամիլիոն, հարյուրավոր միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանում։ TRIPP-ը ներդրումային խոշոր ծրագիր է, որը, իհարկե, անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ»,- ասել է Փաշինյանը։ Անդրադառնալով TRIPP-ում ԱՄՆ-ի կողմից տնտեսական շահ չունենալու մասին ՀՀ երկրորդ նախագահի պնդումներին՝ ՀՀ վարչապետն ասել է. «Գիտեք, ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ի նման պետությունը, որն ամբողջությամբ կառուցված է տնտեսական տրամաբանության վրա, տնտեսական շահ չունենալ։
Դու չե՞ք հետևում նախագահ Թրամփի վարած քաղաքականությանը։ Նրա բոլոր որոշումները ունեն տնտեսական հիմնավորում, որովհետև Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումը, բարեկեցությունը և, իհարկե, սրա համար անհրաժեշտ անվտանգությունը առաջնահերթություն են նախագահ Թրամփի համար, ինչպես բոլոր երկրների ղեկավարների համար, համենայնդեպս, նրանց համար, որոնք առաջնորդվում են սեփական երկրի շահերով»։