Ռոբերտ Քոչարյան․ Ընդդիմադիր դաշտում կա համագործակցության լուրջ ներուժ

Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվել է աննախադեպ իրավիճակ, որը կարող է էականորեն ազդել առաջիկա ընտրական գործընթացների վրա։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այսօր ներքաղաքական կյանքում առկա է մի իրավիճակ, որը նախկինում գրեթե չի հանդիպել։

«Ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ։ Ես չեմ հիշում որևէ ընտրություն, որ նախընտրական պայքարի ժամանակ հարցերը լինեին` Արարա՞տ, թե՞ Արագած, խոսքը գնար ազգային ինքնությունը պաշտպանելու, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին»,– ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահի գնահատմամբ՝ սա վկայում է այն մասին, որ հանրային օրակարգում առաջ են եկել հիմնարար արժեքներին առնչվող հարցեր, որոնք միավորում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց։ Քոչարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր դաշտում, անկախ գաղափարական տարբերություններից կամ անձնական հարաբերություններից, ձևավորվել է գրեթե միասնական խոսույթ։

«Սա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտում համագործակցության բավականին լուրջ հիմքեր կան։ Սա բացառիկ իրավիճակ է, և ևս մի հանգամանք, որը հնարավորություն է տալիս ու լավատեսություն հաղորդում, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ»,– նշեց Քոչարյանը։

ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ նախկինում նախընտրական գործընթացների ժամանակ պայքարն անձերի և ծրագրեր մեջ էր։

Sputnik Արմենիա

Leave a comment