Կոլումբիայում ուղևորատար օդանավ է կործանվել, զոհվել է 15 մարդ (ՎԻԴԵՈ)

Կոլումբիայում կործանվել է մարդատար ինքնաթիռ, որում գտնվող բոլոր 15 անձինք զոհվել են․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կոլումբիայում կործանվել է Beechcraft 1900 մարդատար ինքնաթիռը, որում գտնվող բոլոր 15 անձինք (անձնակազմը և ուղևորները) զոհվել են։


Ավիավթարի զոհերի թվում են Կոլումբիայի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Դիոգենես Կինտերոն և պատգամավորի թեկնածու Կառլոս Սալսեդոն։=


Այս մասին հայտնում է իսպանական El País թերթը՝ հղում անելով Քաղաքացիական ավիացիայի և տրանսպորտի նախարարության ստեղծած միասնական հրամանատարական կետին։


HK4709 գրանցման համարով օդանավի հետ վերջին կապը հաստատվել է տեղական ժամանակով ժամը 11:54-ին (Երևանի ժամանակով՝ 20:54-ին), Կոլումբիայի Կուկուտա քաղաքից օդ բարձրանալուց 12 րոպե անց:


Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, ինքնաթիռը օդ է բարձրացել Կուկուտայի Կամիլո Դասա օդանավակայանից և պետք է ժամաներ Օկանյա մունիցիպալիտետի Ագուաս-Կլարաս օդանավակայան տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12:05-ին։ Օդանավը վարձակալվել էր կոլումբիական Satena ավիաընկերությունից՝ Searca չարտերային ավիաընկերության կողմից։


Հյուսիսային Սանտանդերի անվտանգության քարտուղար Խորհե Կինտերոն հայտնել է, որ ինքնաթիռը հայտնաբերել են տեղի բնակիչները։ «Նրանք գտել են ամբողջովին կործանված օդանավը, և այս պահի դրությամբ ողջ մնացածների մասին որևէ տեղեկություն չկա», — ասել է Կինտերոն։


Leave a comment