ՕՊԵԿ-ի ղեկավարը ԵՄ-ին հայտնել է էներգիայի բոլոր տեսակներում ներդրումների կարևորության մասին

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Գայսը ՕՊԵԿ-ի և Եվրամիության միջև էներգետիկ երկխոսության շրջանակում անցկացված հերթական բարձր մակարդակի նիստում ընդգծել է էներգիայի բոլոր տեսակներում երկարաժամկետ ներդրումների անհրաժեշտությունը՝ սպասվող պահանջարկի աճը բավարարելու համար:

«Այս երկխոսության կարևորությունն ակնհայտ է արագ փոփոխվող գլոբալ իրավիճակում, որը մարտահրավերներ է ստեղծում համաշխարհային էներգետիկ շուկաների և համաշխարհային տնտեսության համար», – հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով երկխոսության առավելությունները շուկայի դժվարությունները հաղթահարելու հարցում և վերահաստատելով ՕՊԵԿ-ի հանձնառությունը շուկայի կայունության պահպանմանն աջակցելու գործում։

«Քննարկումները կենտրոնացած էին նավթի և էներգետիկ շուկայի ընթացիկ հեռանկարների վրա՝ ներառյալ պահանջարկի և առաջարկի դինամիկան, մակրոտնտեսական պայմանները, փոփոխվող գլոբալ էներգետիկ հավասարակշռությունը և ապագա էներգետիկ զարգացման ուղիների նկատմամբ հավասարակշռված ու իրատեսական մոտեցումների անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է այն հանգամանքը, որ էներգիայի բոլոր տեսակները պետք է նպաստեն էներգետիկ անվտանգության և էներգիայի մատչելիության ապահովմանը, իսկ բոլոր տեխնոլոգիաները՝ արտանետումների կրճատմանը», – հայտնել է ՕՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպման համանախագահներն էին ալ-Գայսը և ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դեն Յորգենսենը։

ՕՊԵԿ-ԵՄ էներգետիկ երկխոսության շրջանակում հաջորդ բարձր մակարդակի հանդիպումը կկայանա 2026 թվականի նոյեմբերին։

Leave a comment