ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում քննադատել է Հռոմի պապ Լևոն XIVին՝ պնդելով, որ նա թույլ է հանցագործությունների դեմ պայքարում և «սարսափելի»՝ արտաքին քաղաքականության հարցերում։
«Ես չեմ ուզում, որ Հռոմի պապը մտածի, թե Իրանի համար միջուկային զենք ունենալը նորմալ է։ Ես չեմ ուզում, որ նա կարծի, թե Ամերիկայի համար սխալ է հարձակվել Վենեսուելայի վրա՝ մի երկրի, որը մեծ քանակությամբ թմրանյութեր էր առաքում Միացյալ Նահանգներ։ Եվ ես չեմ ուզում, որ նա քննադատի Միացյալ Նահանգների նախագահին այն բանի համար, ինչի համար ես ընտրվել եմ»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Լևոն XIV-ը Հռոմի պապ է դարձել միայն այն պատճառով, որ ամերիկացի է, իսկ կաթոլիկ եկեղեցին կարծում էր, որ դա նախագահ Դոնալդ Թրամփի հետ գործ ունենալու լավագույն տարբերակն էր։
«Եթե ես Սպիտակ տանը չլինեի, Լևոնը Վատիկանում չէր լինի»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ Հռոմի պապը պետք է օգտագործի առողջ բանականություն, դադարի քծնել արմատական ձախերին և կենտրոնանա Մեծն Հռոմի պապ լինելու վրա, այլ ոչ թե քաղաքական գործիչ։
ԱՄՆ նախագահը նաև հրապարակել է իր պատկերը՝ Հիսուս Քրիստոսի կերպարով․ նրա ափերից լույս է ճառագում, և նա ձեռքերից մեկը դնում է հիվանդանոցի մահճակալին պառկած տղամարդու ճակատին։
Պատկերում Թրամփի շուրջը կանգնած են զինվոր, բուժքույր, աղոթող կին և գլխարկով տղամարդ, որոնք բոլորը նայում են նրան։