Իրանի պատվիրակությունը Իսլամաբադում է՝ բանակցություններ վարելու

Քաղաքականություն

11.04.2026 | 11:15

Իրանական պատվիրակությունը, որը գլխավորում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին, ժամեր առաջ ժամանել է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու։ Այս մասին Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է X-ի իր պաշտոնական էջում։

Իրանցիներին դիմավորել են արտգործնախարար Իսհակ Դարը, Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Մենք բարի կամք ունենք, բայց մեզ պակասում է վստահությունը։ Առաջիկա բանակցություններում, եթե ամերիկյան կողմը պատրաստ լինի իրական համաձայնության և իրանցի ժողովրդին իրավունքներ տրամադրելու, նրանք կտեսնեն մեր պատրաստակամությունը նույնը անելու», – ըստ Fars լրատվական գործակալության՝ ժամանելուն պես լրագրողներին ասել է Ղալիբաֆը։

Ապրիլի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դրական արդյունք է ակնկալում Պակիստանում կայանալիք բանակցություններից։ «Մենք անհամբեր սպասում ենք բանակցություններին։ Կարծում եմ՝ դրանք դրական կլինեն», – ասել է նա։

Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր ռազմանավերը վերամատակարարում է «լավագույն զինամթերքով»՝ Իրանի հետ խաղաղ բանակցությունների ձախողման դեպքում։

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցին երկշաբաթյա հրադադարի, որի պայմաններից մեկը Հորմուզի նեղուցի բացումն էր։ Նավերի երթևեկությունը վերականգնվեց, սակայն շուտով կրկին ընդհատվեց Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված հարվածների և Իրանի վրայով անօդաչու թռչող սարքի միջադեպի պատճառով։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment