Իշխանությունը քննարկում է ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը․ ովքեր են թեկնածուները

Քաղաքականություն

11.04.2026 | 10:28

Factor TV-ի տեղեկություններով՝ իշխանությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար քննարկում է ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունները։

Factor TV-ի հետ զրույցում Հակոբ Սիմիդյանը նշեց, որ իր նշանակման շուրջ որևէ քննարկում այս պահին չկա, միևնույն ժամանակ նա չբացառեց, որ առաջիկայում կարող է քննարկվել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը։

«Հնարավոր է՝ առաջիկայում քննարկվի նախագահի փոփոխության ու թեկնածուի հարցը»,- ասաց Սիմիդյանը։

Սիսակ Գաբրիելյանն էլ Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնություն չունի։

Մամուլում ՀՖՖ նախագահի թեկնածուի ևս մեկ անուն է շրջանառվում՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսնակը, սակայն, հայտնել է, որ նախարարը հավակնություն չունի։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի վերջին։ Սակայն ստացվում է, որ 2019 թվականից ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնող Մելիքբեկյանը կարող է ավելի շուտ հեռանալ։

Հիշեցնենք՝ նա ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվել է 2023-ի դեկտեմբերի 23-ին։ Մելիքբեկյանի մրցակիցը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզն էր։ Ընտրությանը մասնակցել էր ՀՖՖ 25 անդամներից 23-ը։

Ֆուտբոլասեր համայնքը՝ ՖԱՖ ակումբը և Կարմիր Արծիվները տևական ժամանակ է՝ պահանջում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Ինքը՝ Մելիքբեկյանը, մեկ տարի առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Արփի Հակոբյան

Leave a comment