Ապրիլի 9-ին Բրյուսելի հնագույն և հեղինակավոր «Cercle Gaulois» ակումբում Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Խաղողի և գինու հիմնադրամի աջակցությամբ առաջին անգամ տեղի ունեցավ հայկական ընթրիք և գինու համտես, որը համախմբեց դիվանագիտական, մշակութային և գործարար շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներին՝ բացահայտելու Հայաստանի խոհարարական և գինեգործական հարուստ ժառանգությունը։
🔸Միջոցառումը բացեց ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ ընդգծելով, որ «Cercle Gaulois»-ը խորհրդանշական վայր է, որտեղ միախառնվում են բարեկամությունը, մշակույթը և բազմազանությունը։ Իր ելույթում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության իրականացմանն աջակցած Ժերոմ Վրիգհեմին և ակումբի անդամ գործարար Անտոն Աքայանին՝ նշելով, որ նրանց ներդրումը վճռորոշ էր միջոցառման հաջողության համար։
🔸Դեսպանն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց Հայկական խաղողի և գինու հիմնադրամին և դրա նախագահ Զարա Մանուկյանին՝ հայկական գինեգործական ժառանգության առաջխաղացման գործում ունեցած կարևոր դերակատարության համար, ինչպես նաև Վան Արդի գինիների ներկայացուցիչ Վերներ Լեմանսին, ինչպես նաև «With Us» ընկերության համահիմնադիր Կարինե Ստեփանյանին։
🔸Ընթրիքի հյուրերին ներկայացվեց նրբաճաշակ մենյու, որը պատրաստել էր «The Armenian Garden» ռեստորանը՝ ցուցադրելով հայկական խոհարարական ավանդույթների բազմազանությունն ու ստեղծագործական մոտեցումը։
🔸Տիգրան Բալայանը շեշտեց, որ Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն գինեգործական կենտրոններից մեկը՝ ավելի քան 6200 տարվա պատմությամբ։ Հյուրերին ներկայացվեց հայկական գինիների ընտրված տեսականի, որը համադրում է դարավոր ավանդույթներն ու ժամանակակից նորարարությունը։
Նա նաև հայտարարեց, որ 2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի «Concours Mondial de Bruxelles» հեղինակավոր միջազգային գինու մրցույթը՝ նշելով, որ սա խորհրդանշական վերադարձ է գինու ակունքներին։ Դեսպանը հրավիրեց ներկաներին այցելել Հայաստան այդ առիթով և բացահայտել երկրի մշակութային ժառանգությունը, բնության գեղեցկությունն ու ժողովրդի հյուրընկալությունը։
🔸Ներկաները հրավիրվեցին նաև մասնակցելու ս․թ․ մայիսի 31-ին Բրյուսելի Բրյուգման հրապարակում կայանալիք հայկական երկրորդ տոնավաճառին, հնարավորություն ընձեռելով լիարժեք ծանոթանալու հայկական արհեստներին, խոհանոցին և մշակույթին։
🔸Երեկոն եզրափակվեց մշակութային ծրագրով՝ հայկական ավանդական պարի ներկայացմամբ՝ «Նարեկ» պարային խմբի և քանոնահար Նարե Խորենու կատարումներով։
🔸Միջոցառումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով հայ-բելգիական կապերի խորացման կարևորությունը և Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ աճող հետաքրքրությունը։
Բելգիայում Հայաստանի դեսպանատուն / ԵՄ-ում Հայաստանի առաքելություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: