Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսրայելն այսօր շարունակել է ավիահարվածներ հասցնել Լիբանանին։ Հարվածների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ Լիբանանի հարավից հասնելով արդեն Բեյրութի արվարձաններ։ 

Լիբանանում շուրջ 70-ից 80 հազար հայ է բնակվում։ Նրանց շրջանում զոհեր և վիրավորներ չկան՝ ասում է «Արևելք» կայքի հիմնադիր, լրագրող Սագօ Արեանը։ Նրա դիտարկմամբ, սակայն, Լիբանանում այս պահին անվտանգ տարածքներ չկան։ 

Ավելի քան 300 զոհ ու 1150 վիրավոր կա վերջին երկու օրերին Լիբանանի հարավային մասում և Բեյրութում Իսրայելի ավիահարվածների հետևանքով։ Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհերից ավելի քան 100-ը երեխաներ, կանայք և տարեց մարդիկ են։

Թեև ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադար կնքեցին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ այն Լիբանանին չի վերաբերում։ Իսրայելի փորձերը՝ տարանջատել լիբանանյան հակամարտությունը ԱՄՆ-Իրան-Իսրայել  պատերազմի կոնտեքստից, հանգեցրին վտանգավոր հետևանքների՝ ասում է  Սագօ Արեանը։ 

Նշում է՝ Լիբանանը մեկուկես տարի ժամանակ ուներ «Հեզբոլլահին» զինաթափելու համար, սակայն դրա համար լիբանանյան կառավարությունը չունի բավարար ուժային ու քաղաքական լծակներ, ինչը լավ գիտակցում են նաև ԱՄՆ-ում։

«Եվ այդ մեկ ու կես տարվա ժամանակը, ըստ իս, արդեն սպառվել է: Այսօր Լիբանանը կանգնած է ջրբաժանի առջև: Կամ իրոք տեղի կունենա Հեզբոլահի զինաթափում, որ ես բացառում եմ լիբանանյան օրինական ուժի միջոցով, կամ էլ տեղի կունենա միջազգային միջամտություն»,- ասում է Արեանը։ 

Իրանը ԱՄՆ-ին 10 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել, որի առաջին կետում նշվում է՝ պատերազմի լիակատար ավարտի մասին Իրաքում, Լիբանանում և Եմենում։ Սագօ Արեանը նշում է՝ թեև վարչապետ Նեթանյահուն հայտարարել է Լիբանանի հետ բանակցություններ սկսելու մասին, միևնույն ժամանակ շեշտել է, որ չի պատրաստվում դադարեցնել հարվածներն այս փուլում։ 

Ըստ AFP գործակալության՝ հաջորդ շաբաթ Իսրայելը և Լիբանանը բանակցություններ կսկսեն Վաշինգտոնում։ Նեթանյահուն հրահանգել է սկսել ուղիղ երկխոսություն՝ շեշտը դնելով «Հեզբոլլահի» զինաթափման և Բեյրութի ապառազմականացման վրա։ Լիբանանն էլ բանակցություններից առաջ պաշտոնական զինադադար կնքելու նախապայման է դրել։  Միաժամանակ ԱՄՆ նախագահը Նեթանյահուին հորդորել է նվազեցնել հարվածների ինտենսիվությունը՝ Իրանի հետ ընթացող բանակցությունները չխաթարելու համար։ 

Լիբանանը պատերազմի մեջ ներքաշվեց մարտի 2-ին, երբ Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահ»-ը հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության։ Այս գործողությանը հետևեց իսրայելական կողմի լայնածավալ ցամաքային և օդային հակահարձակումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

 

 

Leave a comment