Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում է՛լ ավելի է բարդացրել իրավիճակը. Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին


Ցավոք սրտի, Բաքվում կան գերիներ, պահվող անձինք, որոնք պետք է ազատ արձակվեն: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ, հատկապես երբ կան չլուծված հումանիտար հարցեր, այն է՝ Բաքվի բանտում դեռ կան անազատության մեջ պահվող հայեր:


«Մեր դիրքորոշումը նույն է. նրանք օր առաջ պետք է ազատ արձակվեն: Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը: Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն այս թեմայով: Անշուշտ, սա մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է: Մենք շարունակում եք այս մասին խոսել նաև միջազգային գործընկերների հետ:


Դիմելով Արարատ Միրզոյանին՝ լրագրողը հետաքրքրվեց, այս առումով կա՞ նորություն, հատկապես որ Բաքվում փակվել է Կարմիր խաչի գրասենյակը:


«Այո՛, Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում է՛լ ավելի է բարդացրել իրավիճակն այս առումով, այսինքն՝ համաձայն ենք, որ խնդիրը կա, և շարունակում ենք մեր ջանքերը:


Նորություն չկա: Սա այն հարցն է, որ երբ նորություն է լինում, անմիջապես ամբողջ հասարակությունն իմանում է: Միակ նորությունն այստեղ կարող է լինել նոր խմբի ազատ արձակումը»,- ասաց նա:


 

Leave a comment