Մելանյա Թրամփը հերքել է Էփշթեյնի հետ կապերը

Քաղաքականություն

10.04.2026 | 12:19

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հերքում է Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերը և նրա հանցագործությունների մասին տեղեկացվածությունը։ Նա հայտարարել է, որ այդ մասին «պատմությունները լիովին կեղծ են», իսկ դրանցում իր ներգրավվածության մասին մեղադրանքներն անվանել է «զրպարտություն», գրում է France 24-ը։

«Ինձ անպատիվ Ջեֆրի Էփշթեյնի հետ կապող կեղծիքներին պետք է այսօր վերջ տրվի։ Իմ մասին ստող անձինք զուրկ են էթիկական չափանիշներից, խոնարհությունից և հարգանքից։ Ես մերժում եմ նրանց չարամիտ փորձերը՝ արատավորելու իմ հեղինակությունը։ Ես և իմ փաստաբանները հաջողությամբ պայքարել ենք այս անհիմն  ստերի դեմ»,- Սպիտակ տանը հայտարարել է Մելանյա Թրամփը։

ԱՄՆ առաջին տիկինը նաև կոչ է արել Կոնգրեսին հանրային լսումներ անցկացնել՝ կենտրոնանալով Էփշթեյնի հանցագործություններից փրկվածների վրա՝ հնարավորություն ընձեռելով ցուցմունք տալ օրենսդիրների առջև և նրանց պատմությունները գրանցել Կոնգրեսի արձանագրություններում։

«Յուրաքանչյուր կին պետք է ունենա իր պատմությունը հրապարակայնորեն պատմելու իր օրը, եթե ցանկանում է։ Այդ դեպքում և միայն այդ դեպքում մենք կիմանանք ճշմարտությունը»,- ասել է նա։

Ըստ հրապարակման՝ այս անսպասելի հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը վերջապես հաղթահարում են Էփշթեյնի հետ կապված վեճը, որն ամիսներ շարունակ ցնցումներ էր առաջացրել երկրի քաղաքական կյանքում։ Գործը սկսել էր ստվերվել Իրանի պատերազմի և այլ կարևոր հարցերի պատճառով, սակայն առաջին տիկնոջ մեկնաբանությունները կարող են այն կրկին քաղաքական ուշադրության կենտրոնում պահել։

2008 թվականին Ջեֆրի Էփշթեյնը դատապարտվել է անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։ 2019 թվականի ամռանը նա կրկին ձերբակալվել է և մեղադրվել կանանց, այդ թվում՝ անչափահասների թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։ Նույն թվականին Էփշտեյնին մահացած են գտել իր բանտախցում՝ դատավարությունից առաջ։ Նրա գործընկերուհի Գիսլեյն Մաքսվելը հետագայում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment