ՌԴ-ում հետախուզում են հայտարարել Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովայի մահվան մեջ կասկածվողների նկատմամբ

Ռուսաստանի ՆԳՆ-ի հետախուզվողների ցուցակում ավելացվել են Կարինա Իմինովայի և Սաիդ-Խամզատ Բայսարովի տվյալները, որոնք, ենթադրաբար, ներգրավված են եղել Երևանում չեչեն Այշատ Բայմուրադովայի սպանության մեջ, հաղորդում է СК SOS ճգնաժամային խումբը, գրում է Current time-ը։

Չի նշվում ո՛չ հոդվածը, որով նրանք հետախուզվում են, ո՛չ էլ հայտարարության ամսաթիվը։ Իմինովայի գործում նշված է երկու քաղաքացիություն, մինչդեռ նմանատիպ տեղեկություններ Բայսարովի վերաբերյալ բացակայում են։ Իմինովան առանձին նշված է որպես անհետ կորած, ինչը կարող է վկայել նրա մտերիմների կողմից զուգահեռ որոնումների մասին, նշել են իրավապաշտպանները։

Հայաստանը կասկածյալների նկատմամբ հետախուզում էր հայտարարել դեռևս 2025 թվականի նոյեմբերին, իսկ դեկտեմբերին հարցումներ էր ուղարկել Ինտերպոլ և Ռուսաստան, սակայն մինչև 2026 թվականի փետրվարը Ռուսաստանից որևէ պատասխան չի ստացվել։

Ըստ հրապարակման՝ Բայմուրադովան իրավապաշտպաններից օգնություն էր խնդրել 2024 թվականի հունվարին՝ հայտարարելով ընտանեկան բռնության մասին: Բայմուրադովայի ծանոթները պատմել են, որ նրա հայրը նախկինում ծառայել է չեչենական անվտանգության ուժերում, և մասնավոր զրույցներում նա բացահայտել է, որ իր տատիկն Ախմատ Կադիրովի՝  Չեչնիայի առաջին նախագահի և հանրապետության ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի հոր զարմուհին է: Հյուսիսային Կովկասի բնակիչների հետ աշխատող առնվազն երկու անկախ ճգնաժամային խմբեր՝ СК SOS-ը և «Մարեմ»-ը, օգնել են երիտասարդ կնոջ տարհանմանը:

Հայաստան փախչելուց հետո Այշատը սոցիալական ցանցերում գրառումներ էր անում, որոնցում քննադատում էր Կադիրովի ռեժիմը, Չեչնիայի հայրիշխանական համակարգը, տեղի տղամարդկանց և իսլամը, նա չէր թաքցնում իր գտնվելու վայրը։ Նրա մարմինը՝ բազմաթիվ վնասվածքներով, հայտնաբերվել է Երևանի բնակարաններից մեկում 2025 թվականի հոկտեմբերի 19-ին։

ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ սպանության գիշերը երկու անձ՝ Կարինա Իմինովան և չեչեն Սաիդ-Խամզատ Բայսարովը,  դուրս են եկել այն բնակարանից, որտեղ հայտնաբերվել է մարմինը։ Երկուսն էլ նույն օրը լքել էին Հայաստանը։

Ըստ Meduza-ի՝ Խամզատ Բայսարովը գործարար Ռուսլան Բայսարովի զարմիկն է, որը Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի ընկերն է։ Նա դատապարտվել էր ահաբեկչության ֆինանսավորման համար, սակայն բոլոր մեղադրանքները հանվել էին 2019 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment