ԱՄՆ զորքերը կմնան Իրանի մերձակայքում և համաձայնության չհասնելու դեպքում՝ ավելի ուժգին հարված կհասցնեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի Իրանի վրա հարձակումը, եթե Թեհրանը չկատարի «իրական  համաձայնագիրը»։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

Մինչև համաձայնագրի լիարժեք կիրառումը, ամերիկյան նավերը, ինքնաթիռները և զորքերը կմնան իրենց տեղում։

«Բոլոր ամերիկյան  նավերը, ինքնաթիռները և զինվորական անձնակազմը՝ լրացուցիչ զինամթերքով, զենքով և այն ամենով, ինչ անհրաժեշտ է արդեն իսկ զգալիորեն քայքայված թշնամու մահացու հետապնդման և ոչնչացման համար, կմնան Իրանում և նրա շրջակայքում, մինչև այն պահը, երբ ձեռք բերված ԻՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ լիովին կատարվի։ Եթե ​​որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա «Կրակոցները կսկսվեն»՝ ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ, քան որևէ մեկը երբևէ տեսել է»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, որ  դա  համաձայնեցված էր վաղուց, և չնայած հակառակը պնդող բոլոր կեղծ հռետորաբանությանը՝  «ՈՉ մի ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՉԻ ԼԻՆԻ, և Հորմուզի նեղուցը ԿԼԻՆԻ ԲԱՑ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ։ Մինչ այդ՝ ամերիկյան մեծ բանակը հանգստանում է՝ անհամբեր սպասելով իր հաջորդ նվաճմանը»։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն «հասել և գերազանցել է» բոլոր ռազմական նպատակները և Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը «կարող է ծառայել որպես բանակցությունների աշխատանքային հիմք»։

Թեհրանը հայտարարել է, որ Թրամփի կողմից ներկայացված ծրագիրը ներառում է երկրի  համար չհարձակման երաշխիքներ, Հորմուզի նեղուցի նկատմամբ նրա վերահսկողություն, ուրանի հարստացման իրավունքի ճանաչում, բոլոր պատժամիջոցների վերացում և փոխհատուցման վճարումներ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment