«Վերջապես Նարեկ Սամսոնյանը հիվանդանոցում է, այնտեղ, որտեղ նա պիտի գտնվեր դեռ շաբաթաներ առաջ: Հույս հայտնենք, որ Նարեկի առողջությունը հուսալի ձեռքերում է, նրան խնամող բժշկական թիմը տիրապետում է իրավիճակին և կկարողանա կազմակերպել Նարեկի հացադուլից դուրս գալու վերասնուցման այս հույժ կարևոր փուլը: Նարեկին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, ուժ ու կորով` իր պայքարը շարունակելու համար»,-գրում է բժիշկ Եկատերինա Թաիրյանը, որն ամեն օր իր էջում ներկայացնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ՝ հացադուլի ամեն հաջորդ օրը։
Մասնագետը նշում է մի քանի կարևոր հանգամանքներ հացադուլից դուրս եկող Նարեկի խնամքի վերաբերյալ.
«Երկարատև քաղցից հետո, վերասնուցումը կատարվում է աստիճանաբար և շատ զգուշորեն` բացառապես բժիշկների և սննդաբանի հսկողությամբ:
Վերասնուցումը սկսելուց հետո առաջին 4 օրվա ընթացքում հնարավոր է, որ Նարեկի մոտ զարգանա «վերասնուցման համախտանիշ», որը կյանքին վտանգ սպառնացող կլինիկական վիճակ է:
«Վերասնուցման համախտանիշի» (Refeeding syndrome) սիմպտոմներից են տեսողության խանգարումներ, ջղաձգման նոպաներ, կողմնորոշման խանգարումներ, սրտի անբավարարություն, արյան ճնշման անկում, և այլն:
Երկարատև հացադուլից հետո (Նարեկի դեպքում 15 օր) օրգանիզմում հանքանյութերը (հատկապես ֆոսֆատ, կալիում, մագնեզիում) սպառված են։
Անհրաժեշտ է վերահսկել արյան հանքանյութերի մակարդակը հատկապես առաջին 4 օրերի ընթացքում (առնվազն յուրաքանչյուր 24 ժամը մեկ)։
Վերասնուցումը սկսելուց հետո նշված հանքանյութերը արագ տեղափոխվում են բջիջների մեջ, և արյան մեջ դրանց մակարդակը կարող է կտրուկ նվազել։
Սա կարող է առաջացնել սրտի ռիթմի խանգարումներ, շնչառական խնդիրներ և հանկարծակի մահ։
Եթե հայտնաբերվում են խանգարումներ, դրանք պետք է անմիջապես շտկել։
Թիամինը (Վիտամին B1) պետք է տալ վերասնուցումը սկսելուց ԱՌԱՋ։ Վիտամին B1 -ի պակասը շատ վտանգավոր է, այն կարող է բերել օրգանիզմում կաթնաթթվի կուտակման և լուրջ խանգարումների, ընդհուպ մինչև հանկարծամահության:
Ածխաջրերը կարող են առաջացնել հեղուկի կուտակում օրգանիզմում` առաջացնելով այտուցներ և ծանրաբեռնելով սրտի աշխատանքը։
Չպետք է մոռանալ նաև, որ Նարեկի իմունային դիմադրողականությունը խիստ թուլացած է: Սա պետք է կարևորեն նրան տեսակցողները, ցանկալի է նրան տեսակցել ՄԻԱՅՆ ԴԻՄԱԿՈՎ:
Վերասնուցումը պետք է սկսել քիչ կալորիաներով և աստիճանաբար ավելացնել։
Առողջություն և ազատությունՆարեկ Սամսոնյանին և Հայաստանի և Բաքվի բռնապետների ճիրաններում գտնվող բոլոր քաղաքական հալածյալներին:
Հ.Գ. Մասնագետները կարող են հետաքրքրվել այս հոդվածով` «Կալանավորվածների շրջանում հացադուլներ. Պատշաճ բժշկական պրակտիկայի ուղեցույց»»։
The post Թերասնուցումը սկսելուց հետո առաջին 4 օրվա ընթացքում հնարավոր է, որ Նարեկի մոտ զարգանա «վերասնուցման համախտանիշ». Եկատերինա Թաիրյան appeared first on Times.am.