Լուրեր |
Ի՞նչ է արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը և ովքեր են վճարելու այն բանի համար, որ շրջակա միջավայրն ու մեր առողջությունը վտանգող թափոնները չհայտնվեն աղբավայրում:
Այս
հարցերի պատասխանները լայն հանրությանը հասցնելու ուղիները քննարկելու նպատակով
հավաքվել էին թափոնների կառավարման ոլորտին առնչվող հասարակական հիմնական խմբերի՝
պետական կառույցների, ՏԻՄ, քաղհասարակության կազմակերպությունների, բիզնես
համայնքի և կրթական կառույցների 50–ից ավելի ներկայացուցիչներ և երիտասարդներ:
«Հանրային
իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ հանրային իրազեկման գաղափարների աշխատարանի» նպատակն էր ոլորտային դերակատարների
մասնակցությամբ ձևավորել և զարգացնել թափոնների կառավարման և Արտադրողի
ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման
արշավների նախատիպեր:
Արտադրողի
ընդլայնված պատասխանատվությունը համակարգ է, որը կոնկրետ ապրանքներ արտադրողներին
կամ ներմուծողներին պատասխանատու է դարձնում այդ ապրանքների սպառումից առաջացող
հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության համար: Դա ենթադրում է հատուկ
թափոնների տեսակավորված հավաքում, վերամշակում կամ վնասազերծում և այլ
միջոցառումներ: ԱԸՊ շրջանակներում կառավարվող ապրանքների ցանկը սահմանվում է
լիազոր մարմնի կողմից:
«Հայաստանում
թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը
հիշեցնում է, որ ԱԸՊ-ն նախևառաջ տնտեսական գործիք է, որը ծառայում է բնապահպանական
նպատակների։ Նրա խոսքով՝ այս համակարգը որոշ ապրանքների օգտագործումից առաջացած
թափոնների կառավարումը դնում է մասնավոր հատվածի՝ ներմուծողների և արտադրողների
պատասխանատվության ներքո։ Այսինքն՝ մասնավորը պատասխանատվություն է կրում
ստեղծված թափոնի կյանքի ամբողջ ցիկլի համար։
«Կան խնդրահարույց
թափոններ, որոնց ապահով հավաքումը, տեսակավորումը, վերամշակումը կամ ոչնչացումը
մեծ ծախսերի հետ է կապված, և այդ ծախսերը ինչ-որ մեկը պետք է հոգա,– նշում
է նա և հավելում,– այստեղ գործում է հստակ
սկզբունք՝ «վճարում է աղտոտողը», իսկ
այս դեպքում այդ աղտոտողները տվյալ ապրանքների ներմուծողներն ու արտադրողներն են,
և բեռը բաշխվում է հենց նրանց միջև»։
Նա բացատրում է պարզ
օրինակով․ «Ըմպելիքի
1 պլաստիկե շշի ճիշտ գործածությունը կարժենա 2 դրամ։ Եթե որևէ մեկը վճարի այդ 2
դրամը, այդ շիշը չի հայտնվի աղբավայրում՝ առաջացնելով բնապահպանական և
առողջապահական հետևանքներ»։
Ալպետյանը նշում է, որ
Հայաստանը դեռ հեռու է եվրոպական ստանդարտներից, բայց հիմնական պատճառը ֆինանսական
միջոցների պակասն է։ Նրա խոսքով՝ ստանդարտներին մոտենալը նախևառաջ նշանակում է
ունենալ ենթակառուցվածք և աշխատող համակարգ, որտեղ անհրաժեշտ է թե՛ բնակչի, թե՛
բիզնեսի մասնակցությունը։ Իսկ պետության դերը, ըստ նրա, վերահսկելն է, օրենքի
կիրարկումն ապահովելը և թե՛ բիզնեսի, թե՛ սպառողի համար վստահություն ձևավորելը,
որ իրենց վճարած գումարները նպատակային ծախսվում են տվյալ թափոնը ճիշտ կառավարելու
համար։
Աշխատարանն իրականացվել է
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան
բնապահպանական կենտրոնի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում
թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի
շրջանակում:
Այս եռամյա ծրագրի նախորդ
փուլերում Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ մշակվել է «Արտադրողի
ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ
օրենքի նախագիծ, որը հանրային քննարկում անցնելուց հետո այժմ
համալրման և վերջնականացման փուլում է և շուտով արդեն լրամշակված տարբերակով
կներկայացվի հանրային քննարկման։ Ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ այն զգալի
փոփոխություն կմտցնի մեր երկրում թափոնների կառավարման ոլորտում:
«Ցանկացած նոր
նախաձեռնություն, երբ փորձում ենք ներդնել մեր երկրում, շատ կարևոր է, որ
առաջնորդվի հանրային իրազեկմամբ, որովհետև միայն օրենք փոխելով չենք կարող
գործընթացը առաջ տանել: Թափոնների կառավարումը ՀՀ կառավարության
առաջնահերթություններից է: ԱԸՊ համակարգի ներդրումը պարտավորություն է, որը
Հայաստանը ստանձնել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում: Գործընթացը մեկնարկել
է դեռևս 2023 թվականին: Սակայն իրական աշխատանքը կսկսվի օրենքի ընդունումից հետո,
երբ կսկսենք կիրառել այն»,- նշեց
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության
ներկայացուցիչ Մերի Հարությունյանը՝ կարևորելով այս միջոցառման շրջանակում
բազմաշահառու մասնակիցների ընտրության մոտեցումը։
ԱԸՊ-ն թեպետ առաջին հերթին
ուղղված է արտադրողներին, սակայն դրա իրականացման համար կենսական նշանակություն
ունի հանրության գրագետ, և գիտակցված վերաբերմունքն ու վարքագիծը։ Աշխատարանի
մասնակիցները խմբային քննարկումների ձևաչափով համատեղ մշակեցին 4 տարբեր թիրախային
խմբերի ուղղված հանրային իրազեկման գաղափարներ, որոնք ավելի ուշ կլրամշակվեն և
կտրամադրվեն համապատասխան շահագրգիռ կառույցներին՝ ոլորտում հանրային իրազեկման
ծրագրերում կիրառելու նպատակով:
Առցանց դասընթացներ անցած
երիտասարդներն այս անգամ քննարկումները շարունակել են նախարարությունների
մասնագետների, ՏԻՄ ներկայացուցիչների, գործարարների և այլ ոլորտային փորձագետների
հետ։ Սա մասնակցայնության գործնական օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչու է հանրային
նշանակության թեմաներում կարևոր շահագրգիռ կողմերի երկխոսությունը։