«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակած տեսանյութի մասին, որը, ըստ նրա, նվիրված էր վերջին 4,5 տարիների ընթացքում մի շարք ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ նիստերից բացակայություններին։ Վարդանյանը նշել է, որ այդ տեսանյութով Սիմոնյանը փորձում էր ցույց տալ, թե իբր նրանք նիստերին չեն մասնակցում, բայց քաղաքացիների հաշվին աշխատավարձ են ստանում։
«Սա կատարյալ սուտ է, քանի որ որևէ պատգամավոր բացակայության համար չի վարձատրվում, հուսամ՝ նաև ՔՊ-ականները։ Սակայն, ուշագրավ է մեկ այլ հանգամանք․ այդ ցուցակում ներառված է ապօրինի կալանավորված, այժմ՝ ապօրինի տնային կալանք կրող Արթուր Սարգսյանը, որը ներկայացվում է որպես ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորներից մեկը։ Մինչդեռ, օրինակ, Իշխան Զաքարյանը, ում վերջին անգամ խորհրդարանում չգիտես՝ ով կամ երբ են տեսնել, այդ ցուցակում չկա»,-ասել է նա։
Վարդանյանը նշել է, որ այդ ցանկում ինքը ևս ներառված է, ներառված են նաև այն պատգամավորները, որոնք այս 4,5 տարիների ընթացքում հարյուրավոր շարժումներ ու ցույցեր են կազմակերպել կամ դրանց մասնակցել և այդ պատճառով բաց են թողել մի քանի նիստ։ Նրանք ներկայացվում են որպես «շատ բացակայություններ ունեցող» պատգամավորներ։
«Հենց այդ փաստն էլ, ըստ ամենայնի, առանձնահատուկ գրավել է Ալեն Սիմոնյանի ուշադրությունը, և նա որոշել է «հաշվետվությամբ» հանդես գալ հասարակության առաջ։ Շատ լավ է, բայց կան այլ փաստեր, որոնք հասարակությանը շատ ավելի հետաքրքիր են։ Օրինակ՝ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ներկայացրել է ընդդիմությունը, սակայն դուք անգամ քննարկման առարկա դարձնելուց եք հրաժարվել։
Կոչ եմ անում ներկայացնել ձեր կառավարման 7 տարիների ընթացքում օնլայն խաղատների շրջանառության աճի տվյալները, որոնք բազմապատկվել են։ Վստահ եմ՝ կապեր կան, այդ թվերը դժվար չէ գտնել։ Կարող եք ներկայացնել նաև հանցավորության, թմրամիջոցների շրջանառության աճի վիճակագրությունը տվյալները։ Ի վերջո, ներկայացրեք նահատակվածների ամբողջական ցանկը, որպեսզի «պլյուս-մինուսներով» չխոսեք։ Մի սահմանափակվեք և անպայման անդրադարձեք նաև իմ կողմից ներկայացված թվերին»,-նշել է նա։
The post Քրիստինե Վարդանյանն Ալեն Սիմոնյանին կոչ է անում չսահմանափակվել և հրապարակել նաև օնլայն խաղատների շրջանառության աճի տվյալները appeared first on Times.am.