Բաքուն ու Անկարան արձագանքել են ԱՄՆ-Իրան հրադադարին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ողջունելով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հայտարարված հրադադարը։  «Մենք բարձր ենք գնահատում հրադադարի միջնորդությամբ հանդես եկած բոլոր կողմերի ջանքերը։ Հուսով ենք, որ այս հրադադարը կնպաստի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և կայունության հաստատմանը», – նշվում է հայտարարությունում։

Պաշտոնապես Բաքուն կոչ է արել կողմերին կառուցողական երկխոսության՝ առկա խնդիրների լուծման և փոխադարձ վստահության ամրապնդման նպատակով։

«Ադրբեջանը միշտ պատրաստ է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին», – ասվում  է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ևս  ողջունել է տարածաշրջանային պատերազմում հայտարարված ժամանակավոր հրադադարը։

Նախարարությունը կոչ է արել այն լիովին կիրառել տեղում և կոչ է արել բոլոր կողմերին պահպանել համաձայնագիրը՝ միաժամանակ շնորհավորելով Պակիստանին գործընթացում ունեցած դերի համար։

«Մենք ողջունում ենք տարածաշրջանում պատերազմում հայտարարված ժամանակավոր հրադադարը։ Մենք ընդգծում ենք, որ ժամանակավոր հրադադարը պետք է լիովին կիրառվի տեղում և հույս ունենք, որ բոլոր կողմերը կհետևեն ձեռք բերված համաձայնությանը», – նշում է հայտարարությունում։

Թուրքիայի ԱԳՆ-ն ուրվագծել է Անկարայի տեսլականը այն մասին, թե ինչ պետք է հետևի հրադադարին։

«Տևական խաղաղության ճանապարհը հնարավոր կլինի միայն երկխոսության, դիվանագիտության և փոխադարձ վստահության միջոցով։ Մենք կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Իսլամաբադում բանակցությունների հաջող ավարտի համար», – ասել է նախարարությունը։

Անկարան նաև շնորհավորել է Պակիստանին գործընթացում ունեցած դերի համար։ «Մենք շնորհավորում ենք եղբայրական Պակիստանին այս գործընթացում ստանձնած դերի համար և մաղթում ենք խաղաղությանը նպաստող բոլոր նախաձեռնությունների շարունակություն», – ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment