«Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ եւ ազատություններ»․ Կառավարությունը «Ներդրումների մասին» նոր օրենք է մշակել

Կառավարությունը մշակել է «Ներդրումների մասին» նոր օրենքի նախագիծ, որն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում արժանացավ դրական եզրակացության։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրեկանյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն սահմանում է խտրականության բացառման երաշխիքը երկու հայտնի բաղադրիչներով։

«Մեկը ազգային ռեժիմը, ըստ որի՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ։ Մյուսը՝ առավել բարենպաստության ռեժիմը, ըստ որի՝ ՀՀ-ում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ։ Այսինքն՝ օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ՀՀ-ից ակնկալելու այն նույն բարենպաստ վերաբերմունքը, որը ՀՀ-ում կիրառվում է որեւէ այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ նախագիծը երկար ժամանակ քննարկվել է։ «Տվյալ նախագիծը քննարկելու կարիք տեսնում էին Ամերիկայի գործարարների պալատը ներկայացնող գործարարները։ Որոշակի մտահոգություններ ու առաջարկություններ ունեին՝ հիմնականում կապված վերազգային կորպորացիաների, դրանց սահմանման ու սքրինինգի մեխանիզմների հետ։ Մենք պայմանավորվել ենք, որ առաջինից երկրորդ ընթերցում, եթե հարկ լինի, կառավարության գործընկերների հետ լրացուցիչ այդ հարցերի վրայով կանցնենք, եթե փոփոխելու անհրաժեշտություն լինի, կփոփոխենք»,- նշեց Թունյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment