Իրանում քաղաքացիներին կոչ են անում կենդանի շղթա կազմել էլեկտրակայանների շուրջ

Քաղաքականություն

07.04.2026 | 15:55

Իրանում բոլոր «երիտասարդներին, մարզիկներին, արվեստագետներին, ուսանողներին և նրանց ուսուցիչներին» կոչ է արվել կենդանի շղթա կազմել էլեկտրակայանների շուրջ։ Այս հայտարարությունն արել է կառավարության երիտասարդության և դեռահասների հարցերով գերագույն խորհրդի քարտուղար Ալիռեզա Ռահիմին, գրում է Meduza-ն։

«Էլեկտրակայանները, որոնք մեր ազգային ակտիվներն ու կապիտալն են՝ անկախ ցանկացած ճաշակից կամ քաղաքական հայացքից, պատկանում են Իրանի և իրանցի երիտասարդության ապագային», – հայտարարոել է Ռահիմին։

Ինչպես նշում է Associated Press-ը, Իրանը նախկինում մարդկային շղթաներ է կազմել իր միջուկային օբյեկտների շուրջ՝ Արևմուտքի հետ լարվածության սրման ժամանակահատվածներում։

Թրամփը սպառնացել էր Իրանը «վերադարձնել քարե դար» և հարվածել էներգետիկ բոլոր օբյեկտներին, եթե Թեհրանը չդադարեցնի Հորմուզի նեղուցի շրջափակումը: Կիրակի՝ ապրիլի 5-ին, նա գրեց, որ երեքշաբթի օրը Իրանում կլինի «Էլեկտրակայանների և կամուրջների օր»: Հաջորդող գրառման մեջ Թրամփը վերջնաժամկետ սահմանեց՝ «երեքշաբթի, արևելյան ժամանակով ժամը 20:00»:

Մարդու իրավունքների պաշտպաններն ու քաղաքական գործիչները պնդում են, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները կհամարվեն ռազմական հանցագործություն:  Սպիտակ տանը կայացած իր ամենամյա Զատկի միջոցառման ժամանակ Թրամփը հայտարարեց, որ ինքը «չի անհանգստանում» դրա համար, և որ հենց Իրանն է կատարում ռազմական հանցագործությունը՝ միջուկային զենք ունենալու ձգտումը մատնանշելով:

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment