Հին թղթադրամները դուրս են գալիս շրջանառությունից. փոխանակումը՝ անվճար և անժամկետ․ ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ 2026 թվականի ապրիլի 15-ից ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կդադարեն լինել օրինական վճարամիջոց, սակայն քաղաքացիները կկարողանան դրանք առանց սահմանափակումների, անվճար և անժամկետ փոխանակել առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։

«Հիշեցնում ենք, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։

Ինչպես բազմիցս նշվել էր Կենտրոնական բանկի կողմից իր մամուլի հաղորդագրություններում և բացատրական տեսանյութերում, 2-րդ սերնդի թղթադրամները համարվում են օրինական վճարամիջոց մինչև 2026 թ. ապրիլի 15-ը, իսկ նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների:

Հավելենք, որ 2025 թ. ապրիլի 28-ի Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.

  • 1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
    • 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
    • 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
    • 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
    • 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment