«Մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր գիշեր, եթե Իրանը գործարքի չգնա»․ Թրամփը գրառում է արել

Քաղաքականություն

07.04.2026 | 16:57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր գրառում է կատարել Truth Social-ում՝ զգուշացնելով. «Մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր գիշեր, այլևս երբեք  չի վերականգնվի», գրում է BBC-ն։

«Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա։ Սակայն, հիմա, երբ մենք ունենք Ամբողջական ու Տոտալ ռեժիմի փոփոխություն, որտեղ գերակշռում են տարբեր, ավելի խելացի և պակաս արմատականացված մտքեր, գուցե կարող է տեղի ունենալ հեղափոխականորեն հրաշալի մի բան, Ո՞Վ ԳԻՏԻ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

«Մենք այսօր գիշերը կպարզենք աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկը։ 47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն։ Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները իր վերջնագրի ժամկետը լրանալուց մի քանի ժամ անց։ Ապրիլի 6-ին Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ նա ասել էր, որ Միացյալ Նահանգները կարող է իրականացնել Իրանի «լիակատար ոչնչացումը» չորս ժամվա ընթացքում։ Թեհրանին ուղղված վերջնագրի ժամկետը, որը պահանջում է բացել Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային նավթի և գազի հիմնական երթուղին, լրանում է չորեքշաբթի վաղ առավոտյան Երևանի ժամանակով ժամը 4:00-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment