Խաղաղության և կապուղիների ապաշրջափակման օրակարգը կարող է փոխել ՀՀ-ի տնտեսական աշխարհագրությունը. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի համար տարածաշրջանային խաղաղությունն ու կապուղիների ապաշրջափակումը կարող են էականորեն փոխել երկրի տնտեսական աշխարհագրությունը՝ հնարավորություն տալով ոչ միայն հումք արտահանել, այլև ձևավորել ավելի լայն հանքարդյունաբերական և արդյունաբերական էկոհամակարգ։ Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականներով՝ կրիտիկական հանքային ռեսուրսների պահանջարկը շարունակելու է աճել։ Միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով»,- նշեց Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանն ունի հանքարդյունաբերության երկար պատմություն և միջազգային շուկաներում պահանջված մետաղներ, այդ թվում՝ պղինձ և մոլիբդեն։

«Մեր խնդիրը պարզապես ավելի շատ հանքարդյունաբերություն ունենալը չէ։ Մեր խնդիրը որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալն է»,– ասաց Գրիգորյանը:

Նրա գնահատմամբ` երկրների մրցունակությունը պայմանավորված է ոչ միայն բնական պաշարներով, այլև կանխատեսելի կարգավորմամբ, կայուն հարկային միջավայրով, արդյունավետ պետական կառավարմամբ, ենթակառուցվածքներով և ներդրողների համար հստակ քաղաքականությամբ։ Անդրադառնալով տարածաշրջանային հնարավորություններին՝ փոխվարչապետը նշեց, որ խաղաղության հաստատումն ու կապուղիների ապաշրջափակումը կարող են նոր հեռանկարներ բացել Հայաստանի տնտեսության համար։

«Ավելի բաց և կապակցված տարածաշրջանում Հայաստանը կարող է ձգտել ոչ միայն հումք արտահանող երկրի դիրքին, այլև ձևավորել ավելի լայն հանքարդյունաբերական և արդյունաբերական էկոհամակարգ»,- ասաց նա։

Միաժամանակ Գրիգորյանն ընդգծեց միջազգային չափանիշների ներդրման և ոլորտի նկատմամբ վստահության ամրապնդման կարևորությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է իր հանքային ներուժն օգտագործի այնպես, որ մրցունակ լինի ոչ միայն պաշարներով, այլև կառավարման որակով, մասնագետներով, տեխնոլոգիաներով և պատասխանատու բիզնես մշակույթով։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment