Վերադարձ հին արգելքին․ ի՞նչ է փոխվում Ընտրական օրենսգրքում

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ապրիլի 7-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է (ժամը 17։00-ի դրությամբ-խմբ․), լայն քննարկումների տեղիք է տվել։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կատարված փոփոխությունները և դրանցով ներկայացվող պահանջները։ 

ՔՊ-ի հապճեպ քայլերը և առաջարկությունները 

Սահմանադրական օրենքում փոփոխությունները կատարել ու Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Ամեն ինչ կատարվել է շատ արագ․ ապրիլի 6-ին ԱԺ կայքում է հրապարակվել նախագիծը, և հենց նույն օրն էլ ԱԺ նախագահին ՔՊ խմբակցությունը միջնորդել է ապրիլի 7-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, քննարկել ու միաժամանակ երկու ընթերցմամբ էլ ընդունել օրենքի նախագիծը։ 

Ընտրական գործընթացում կատարվող փոփոխությունները, ըստ հեղինակների, «ուղղված են ընտրական գործընթացի թափանցիկության բարձրացմանը, վերահսկողության ուժեղացմանը և նախկինում թույլ տրված տեխնիկական վրիպակների շտկմանը»։

Որո՞նք են հիմնական փոփոխությունները, որ առաջարկում է ՔՊ-ն՝

  • Հանձնաժողովի նախագահի համար. քվեատուփը բացելու և արդյունքներն ամփոփելու ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ որևէ այլ իր։
  • Քվեաթերթիկի անվավերություն. քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե ծրարում, բացի քվեաթերթիկից, առկա է ցանկացած այլ իր կամ եթե ծրարի վրա կա որևէ գրառում։
    Այս փոփոխության համար որպես հիմնավորում, հեղինակներն ասում են՝ այսպիսով փորձում են կանխել ընտրակաշառքի վերահսկողությունը։ Մասնավորապես, ծրարում «այլ իր» լինելը (օրինակ՝ հերթական համարով թղթի կտոր) կարող է օգտագործվել ընտրակաշառք տվողների կողմից՝ ընտրողի քվեարկությունը վերահսկելու և գաղտնիությունը խախտելու համար։ Ըստ հեղինակների՝ այս դրույթի վերականգնումը բացառում է նման հնարավորությունը։
  • Մարման կարգը. մեկ այլ փոփոխությամբ, այլ իր պարունակող կամ ավելորդ նշումով ծրարները պետք է անմիջապես մարվեն այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքը։
  • Դաշինքների անվանումներ. նախ՝ վերացվում է դաշինքի անվան տակ փակագծերում անդամ բոլոր կուսակցությունների անունները նշելու տեխնիկական պահանջը։ Բացի այդ, արգելվում է դաշինքի անվանման մեջ ներառել անձնանուններ, պետական կամ տեղական մարմինների անուններ, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական խոսքեր։

    Այս դրույթը, մեծ հաշվով, սրբագրում է, քանի որ, ինչպես բացատրել են հեղինակները շտկում են նախկինում կատարված վրիպակը։ Բանն այն է, որ նախկին փոփոխությունների ժամանակ «նախադասություն» բառի փոխարեն սխալմամբ գրվել է «պարբերություն», ինչի հետևանքով ուժը կորցրած էին ճանաչվել դաշինքների անվանումների բովանդակային սահմանափակումները։ Նոր նախագիծը շտկում է այս սխալը։

Հին արգելքի վերադարձը

FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտրություններին մասնակցող դաշինքների անվան մեջ անձնանուն ունենալն արգելելու պահանջը 2016 թ․ ընդունված Ընտրական օրենսգրքում ներմուծվել է դեռևս 2022 թվականին։ Փաստացի, 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նման պահանջ չի եղել։ 

Արտապատկերումը՝ 2022-ի Ընտրական օրենսգրքից:

Սակայն, արդեն 2024 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ԸՕ նոր փոփոխությամբ այս դրույթը չկա։ 

Ուսումնասիրել ենք նաև այդ ժամանակ օրինագծի լրամշակված տարբերակը, որով դաշինքի անվանումներին ներկայացվող պահանջը ուժը կորցրած է ճանաչվում։

Արտապատկերումը՝ 2024-ին ընդունված ԸՕ-ից:

Հատկանշական է, որ այս փոփոխությունն անելուց հետո ՔՊ-ն չի փոխել նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում գրված նույն պահանջը։

Ստացվում է՝ սահմանադրական մի օրենքում փոփոխությունը կատարել են, մյուսում թողել նույնը։

Արտապատկերումը՝ «Կուսակցությունների մասին» օրենքից:

Հասմիկ Համբարձումյան

The post Վերադարձ հին արգելքին․ ի՞նչ է փոխվում Ընտրական օրենսգրքում appeared first on FIP.AM.

Leave a comment