Արարատը՝ փոքրիկների գրկում. հայկական խորհրդանիշ-լեռը՝ խաղալիքի տեսքով

«Արարատը պետք է սիրել մանկուց». այս կարգախոսով ամուսիններ Կառլեն եւ Սոնա Սարգսյանները ստեղծել են իրենց նոր՝ Արարատ լեռան պատկերով խաղալիքը: 
Մինչ այս նրանք հեղինակել էին Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի պատկերով Դեդո-Բաբո խաղալիքները, որոնք փոքրիկներին յուրօրինակ ձեւով ծանոթացնում են արցախյան մշակույթին, ավանդույթներին, խոհանոցին։
Այս անգամ Սարգսյանները փորձել են մանկական խաղալիքի միջոցով նոր շունչ հաղորդել հայկական գլխավոր խորհրդանիշներից մեկին՝ Արարատին։ 
Նոր նախագծի գաղափարի եւ ստեղծման ընթացքի մասին Մեդիամաքսին պատմել է Կառլեն Սարգսյանը։
«Marduk toys»-ի խաղալիքները՝ փոքրիկ մարդուկների համար
Նոր՝ Արարատ լեռան պատկերով խաղալիքները ստեղծելուց առաջ որոշեցինք վերաբրենդավորվել եւ «Dedo Babo toys»-ից դարձանք «Marduk toys»: 
Պատճառն այն էր, որ այսուհետ սիրելի Դեդո-Բաբոները մեր միակ խաղալիքները չեն եւ կարիք կար ներկայանալ առավել ընդգրկուն անվանումով: 
Ընտրեցինք «Մարդուկ»-ը, քանի որ մեր բոլոր խաղալիքներին «կենդանացնում ենք», շունչ ու էմոցիաներով օժտում: Բացի այդ, բոլոր խաղալիքներն առաջին հերթին ստեղծվում են փոքրիկ մարդուկների համար (ժպտում է – հեղ.)
Արարատը սիրել մանկուց
Որոշեցինք ստեղծել Արարատ լեռան պատկերով խաղալիք, որովհետեւ կարծում ենք՝ այժմ այս լեռն ինչ-որ առումով անտեսվում է: Մեր սերնդի ներսում այն ամրացած սիմվոլ է, բայց կա մտավախություն, որ այսօրվա երեխաների դեպքում արդեն այդպես չի լինի: 
Բացի այդ, վերջին շրջանում լեռան պատկերը հեռացվել է որոշ տեղերից: Ոչ թե փորձել ենք հակադրվել սրան, այլ ստեղծել ենք խաղալիք, որը երեխաների համար անփոփոխ կթողնի այս լեռան խորհրդանշական, «հատուկ» դիրքն ու սիրելի կդարձնի Արարատը մանկուց: 
«Հպարտ, խորհրդավոր հանգիստ եւ գլուխը բարձր»
Ինչպես եւ Դեդո-Բաբո խաղալիքի դեպքում, Արարատի խաղալիքի դիզայնի վրա մանրակրկիտ աշխատել ենք եւ մի քանի փորձանմուշից հետո միայն ընտրել վերջնական գույնն ու տեսքը: 
Ի սկզբանե ցանկացել ենք, որ լեռան երկու գագաթները՝ Մասիսն ու Սիսը, փոխանցեն հանդարտության զգացում՝ միեւնույն ժամանակ լինելով հպարտ եւ «գլուխը բարձր», ինչպես լեռն է: Արդյունքում խաղալիքը ստեղծել ենք քույր (Սիսը) եւ եղբայր (Մասիսը) կերպարներով: 
Աչքերի մասով եւս երկար ենք քննարկել՝ արդյունքում ընտրելով փակ աչքերով տարբերակը, որովհետեւ այսպես խաղալիքը շատ խորհրդավոր հանգստություն է փոխանցում: 
Խաղալիքը հասանելի է երկու չափսով
Ի տարբերություն Դեդո-Բաբոյի, Արարատի պատկերով խաղալիքը խոսող չէ: Այսպես ենք որոշել տեխնիկական պատճառներով, ինչպես նաեւ մտածել ենք, որ այն կարող է կիրառվել որպես բարձ, իսկ «խոսող մեխանիզմն» այս դեպքում կխանգարեր: 
Ունենք խաղալիքի երկու չափս, քանի որ տարիքով փոքր երեխաների համար Արարատի մեծ տարբերակը կարող է ծանր լինել. այն ունի 70 սմ լայնություն եւ 1 կգ-ից ավելի քաշ: 
Փոքր տարբերակի լայնությունը 45 սմ է: Խաղալիքը հանգիստ տեղավորվում է երեխայի օրորոցում, կարող է դառնալ զբոսանքների կամ ճամփորդությունների սիրելի ուղեկից: 
Կարեւոր է նշել, որ անկախ նոր խաղալիքի ստեղծումից՝ սիրելի Դեդո-Բաբոն շարունակում է հասանելի լինել, ինչպես նաեւ առաջիկայում կլինեն ազգային տարրերով նոր խաղալիքներ: 
Յանա Շախրամանյան

Leave a comment