Արուսյակ Ջուլհակյանն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել դաշինքների վրա անձնանունների կիրառումն արգելելու օրինագիծը

Արուսյակ Ջուլհակյանն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել դաշինքների վրա անձնանունների կիրառումն արգելելու օրինագիծը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն արտահերթ նիստի ընթացքում պատգամավորների քննարկմանը ներկայացրեց իր և պատգամավոր Ալխաս Ղազարյանի ներկայացրած օրենքի նախագիծը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ։

Պատգամավորները շրջանառվող նախագծով առաջարկում են սահմանել, որ Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրագրում բացի քվեաթերթիկից առկա է ցանկացած այլ իր։ Գործող կարգավորմամբ՝ ծրարում այլ իրի առկայության դեպքում քվեաթերթիկն անվավեր չի համարվում։

Պատգամավորներն առաջարկում են նաև սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Նաև առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։  

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելուց և ծրարից քվեաթերթիկը հանելու ընթացքում ձեռքում այլ իր չպետք է ունենա։

Նիստի ընթացքում դաշինքների վրա անձնանունների կիրառումն արգելելու վերաբերյալ առաջարկվող փոփոխության առնչությամբ իրենց դժգոհությունն արտահայտեցին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք նշեցին, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու ամիս, և չի կարելի այս ընթացքում Ընտրական օրենսգրքում նման անկյունաքարային փոփոխություն առաջարկել։

Արուսյակ Ջուլհակյանը պարզաբանեց, որ Վենետիկի հանձնաժողովն ունի ռեկոմենդացիա, որ խորհուրդ չի տրվում Ընտրական օրենսգիրքը փոխել ընտրություններից կարճ ժամանակ առաջ, սակայն այդ ռեկոմենդացիան վերաբերելի է միայն հիմնարար կանոններին։ «Վենետիկի հանձնաժողովի համապատասխան ռեկոմենդացիան սահմանում է այն  ֆունդամենտալ էլեմենտները, որոնք խորհուրդ չի տրվում փոխել ընտրություններից կարճ ժամանակ առաջ։ Դրանք են ընտրակարգը, ընտրական հանձնաժողովներին անդամակցության հարցը և ընտրատարածքների փոփոխությունները։ Մեր կողմից առաջարկվող տեխնիկական բնույթի փոփոխությունը նշված երեք կետերից ոչ մեկին վերաբերելի չէ»,- նշեց Ջուլհակյանը։

Պատգամավորը նաև հստակեցրել է, որ այդ փոփոխությունը նախատեսվում էր իրականացնել դեռևս 2024 թվականին Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունների ժամանակ, սակայն տեխնիկական վրիպակի պատճառով դա չի արվել, ինչը հիմա փորձում են շտկել։ 

Ջուլհակյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են միայն համամասնական ընտրակարգով, հետևաբար այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ կուսակցությունների դաշինքների անունները պարունակեն անձնանուններ, ինչը բնորոշ է մեծամասնական ընտրակարգին։ Պատգամավորը նաև շեշտեց, որ Կուսակցությունների մասին օրենքով արդեն իսկ արգելվել է, որպեսզի կուսակցությունների անունները անձնանուններ պարունակեն, և տրամաբանական է, որ այդ արգելքը գործի նաև դաշինքների դեպքում։ 

 

Leave a comment