Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով

Դիարբեքիրի 22-րդ քրեական դատարանում այսօր տեղի է  ունեցել  կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյի դեմ գործով երկրորդ դատական ​​նիստը, որը հետապնդվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ Իննա Սահակյանի Հայոց ցեղասպանությանը վերաբերող «Ավրորայի լուսաբացը» (2022) ֆիլմի ցուցադրության համար։

Ըստ Մեդիայի և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MLSA)՝ լսումները սկսվել են մոտ կես ժամ ուշացումով՝ մեծ բազմության պատճառով։

Դատախազը ներկայացրել է իր վերջնական կարծիքը՝ խնդրելով պատժել Աքսոյին։

Հետագայում, մեղադրյալների անունից խոսելով՝ փաստաբան Ֆիրաթ Յըլդըզը հայտարարել է, որ նրանք համաձայն չեն կարծիքի հետ և խնդրել է իր պաշտպանյալի արդարացումը։ Յըլդըզը ընդգծել է, որ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում են գործադրում արվեստի վրա։

Յըլդըզը նշել է, որ իր հաճախորդը ֆիլմի ռեժիսորը չի եղել, այլ միայն մասնակցել է ցուցադրության գործընթացին՝ հավելելով. «Նույնիսկ եթե նա ռեժիսորը լիներ, սա պետք է դիտարկել խոսքի ազատության շրջանակներում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպեր այս հարցի վերաբերյալ: Կան որոշումներ, որոնցով անհատներ և հաստատություններ, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան, որոնք հետապնդվել էին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու համար, արդարացվել են»:

Ի վերջո  դատարանը արդարացրել է  Ռոջհիլաթ Աքսոյին:

Նշենք, որ Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի այն ժամանակվա փոխնախագահ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ դատական ​​հայց էր  ներկայացրել Թուրքիայի քրեական օրենսգրքի  301-րդ հոդվածի համաձայն՝ ֆիլմի ցուցադրության համար։

Մեղադրական կողմը, հղում անելով 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Սեզաի Քարաքոչ մշակութային կենտրոնում ցուցադրված ֆիլմում արված հայտարարություններին, պահանջել էր, որ ցուցադրության համար միջնորդություն ներկայացրած Աքսոյը պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական ​​մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment