JPMorgan-ի ղեկավարը ֆինանսական շուկաների իրավիճակի վատթարացում է կանխատեսում՝ Իրանի հետ պատերազմի պատճառով

JPMorgan Chase & Co.-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը նախազգուշացրել է, որ Իրանի հետ պատերազմի հետևանքով նավթի և այլ հումքային ապրանքների գների աճը կարող է հանգեցնել գնաճի արագացման և տոկոսադրույքների բարձրացման, ինչը կարող է առաջացնել ֆինանսական շուկաների իրավիճակի վատթարացում։

Տարեկան ուղերձում Դայմոնը նշել է, որ արդեն 2026 թվականին շուկաները կարող են բախվել տհաճ անակնկալի՝ գների աճի տեմպի աստիճանական բարձրացման տեսքով։

«Միայն դա կարող է բավարար լինել՝ տոկոսադրույքների բարձրացում և ակտիվների արժեքի անկում առաջացնելու համար», – գրել է նա։

Դայմոնը հիշեցրել է, որ նավթի կտրուկ թանկացումը հաճախ նշվում է որպես 1970-ականների և 1980-ականների խորը ռեցեսիաների հիմնական պատճառներից մեկը։ Նա հավելել է, որ այսօր ԱՄՆ-ն նման ցնցումների համար ավելի քիչ խոցելի է։

«Թեև հիմա բոլորս առաջին հերթին պետք է հույս դնենք ընթացիկ հակամարտությունների հաջող կարգավորման և ի վերջո աշխարհում խաղաղության հաստատման վրա, անհրաժեշտ է հասկանալ և հետևել դրանց հետ կապված ռիսկերի տնտեսական հետևանքներին»:

Նրա խոսքով՝ անբարենպաստ հանգամանքների համադրությունը կարող է բերել տարբեր ծանրության ռեցեսիաների, որոնք, ի թիվս այլ բաների, կուղեկցվեն շուկաների բարձր անկայունությամբ և գործազրկության մակարդակի աճով։

Leave a comment