Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որ երկու երկրները կապող գազատարի տարածքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք, փոխանցում է DW-ն։

«Մեր ստորաբաժանումները հայտնաբերել են պայթուցիկ նյութ և այն գործարկելու համար անհրաժեշտ դետոնատորներ։ Ես տեղեկացրել եմ վարչապետ Օրբանին, որ նրան կտեղեկացնեմ հետագա հետաքննության ընթացքի մասին»,- գրել է Սերբիայի նախագահը ֆեյսբուքյան իր էջում։

Լրագրողների հետ զրույցում Վուչիչը նշել է, որ պայթուցիկը հայտնաբերվել է Վելեբիտ բնակավայրի շրջանում՝ «Բալկանյան հոսք» գազատարից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որը Բուլղարիայի և Սերբիայի տարածքով հասնում է Հունգարիա։ Այդ գազատարով Հունգարիա է մատակարարվում ռուսական գազը։

Վուչիչի հետ զրույցից հետո Օրբանը հայտնել է, որ հրավիրել է Հունգարիայի պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ։

Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Հունգարիայում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որտեղ, ըստ հանրային կարծիքի հարցումների, առաջին անգամ վերջին 12 տարվա ընթացքում վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը կարող է պարտություն կրել։ Լուրջ մրցակցություն է ներկայացնում Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը, որը հիմնադրվել է երկու տարի առաջ։

Ընտրություններից առաջ Օրբանին աջակցություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը ընտրություններից առաջ պատրաստվում է այցելել Հունգարիա, ինչպես նաև Չեխիայի և Սլովակիայի վարչապետներ Անդրեյ Բաբիշը և Ռոբերտ Ֆիցոն։

Քարոզարշավի ընթացքում Օրբանը բազմիցս հանդես է եկել հակաուկրաինական հայտարարություններով և նշել, որ ուկրաինացիները սպառնում են իր ընտանիքին։ Washington Post թերթի տվյալներով՝ ռուսական հատուկ ծառայությունները առաջարկել էին բեմադրել Օրբանի դեմ «մահափորձ», որպեսզի բարձրացնեն նրա վարկանիշը ընտրություններից առաջ։

Բացի այդ, Financial Times-ի հաղորդմամբ՝ Կրեմլին մոտ «Սոցիալական նախագծման գործակալություն» ընկերությունը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում «Ֆիդես» կուսակցությանը սոցիալական ցանցերում։

Leave a comment